
Արսեն Վարդանյան – «Մեր լեզուն մենք ենք, որ կանք»
Օտար լեզուների իմացությունն աշխարհը ճանաչելու, բացահայտելու, մեծ աշխարհի մի մասնիկը դառնալու թերևս ամենակարևոր բանալին է։ Մեր ժամանակներում էլ հեշտ է դարձել օտար լեզուներ սովորելը թեկուզ առանց դասավանդողի ներկայության։ Կան շատ ուսուցողական ծրագրեր, հավելվածներ, տեսադասեր և այլն։
Պարզապես պետք է կամքի ուժ ունենալ, ինքնակազմակերպվել, նպատակ դնել, և վերջ։ «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» բանաձևումը մեծն Աբովյանի գրչին է պատկանում։ Հանճարեղ մտավորականը բոլորիցս լավ գիտեր օտար լեզուների և հայոց լեզվի իմացության անհրաժեշտությունը։
Եվ պատահական չէ, որ նա մեզ ավանդում է մեր հավատն ու լեզուն ամուր պահել, որ չկորցնենք մեր ինքնությունը։
Մի տեսակ դժվար է պատկերացնել, թե ինչ կզգար Խաչատուր Աբովյանը մերօրյա Հայաստանում շրջելիս։ Օտարագիր ցուցանակներ, անհասկանալի հնչերանգով ու բառերով շաղախված հայերեն խոսք։ Չէ՛, Աբովյանին հոգեբանական բռնության ենթարկել պետք չէ։ Նա իր գործն արել է, մեզ համար փրկության ուղիներ նախանշել ու հեռացել․․․ Հիմա եկել է մեր հերթը։
Մեր օրերի անչափ մտահոգիչ երևույթներից մեկը հայերենի նկատմամբ վերաբերմունքն է։ Հայոց լեզուն հայի շուրթերին դարձել է մի տեսակ առօրեական, սահմանափակ, ծռմռված, ճնշված։ Կարող ենք համեմատել մաշված ու չթարմացվող հագուստի հետ, որն ուր որ է կպատռվի ու․․․ Օտար բառերը խեղդում են մեր լեզուն։ Դե, բանական է, որ պատմական հանգամանքների բերումով անընդհատ փոխառել ենք բառեր այլ լեզուներից։ Հանուն արդարության պետք է նշենք, որ հաճախ այդ բառերի հայերեն համարժեքներն ունեցել ենք, սակայն ջանք ու եռանդ չխնայելով՝ վերցրել ենք օտարինը, մի տեսակ անբացատրելի հաճույք ստանալով՝ ներառել մեր ակտիվ բառապաշարում և նույնը անում ենք հիմա։ Փիլաքյան, յորղան, հայաթ, բախչա․․․ Վստահ եմ՝ շատերը գիտեն այս բառերի ծագման աղբյուրը և շատ լավ գիտեն դրանց հայերեն համարժեքները, սակայն համառորեն չեն մաքրում իրենց բառապաշարը՝ մտածելով, որ սրբորեն պահում են մեր «արժեքները»։
Իսկ մեր օրերում անգլերենն ու ռուսերենն են վերուվար անում մեր լեզուն։ Օքեյ, ֆուլ, ֆսյո, կաֆե, պակա, պրիվետ, դեդլայն․․․ Վստահ ենք՝ կարող եք այս ցանկը հավելել տասնյակ այլ օտարահունչ և օտարահամ բառերով։ Մինչդեռ դրանց կողքին մի տեսակ անտեսված են զգում մեր սիրուն բառերը՝ լավ, ամբողջական, վերջ, սրճարան, ցտեսություն/հաջողություն, բարև, վերջնաժամկետ․․․ Իսկ ինչո՞վ են այս բառերը վատը, ինչո՞վ չեն բավարարում հայ մարդու հաղորդակցական կարիքները։ Պատասխանը պարզ է և միևնույն ժամանակ շատ բարդ։ Պարզապես կենացային հայրենասիրության քողի տակ մենք այդպես էլ չենք տարանջատում առաջնայինը երկրորդականին, մերը՝ ուրիշից, լավը՝ վատից․․․․
Օտարամոլությունը խժռում է լավ ապրելու մեր երազանքը, միասնականության ձգտումը, հզոր և երջանիկ հայրենիք կերտելու տեսլականը։ Չկայացած, ինքն իր հետ ոչ ներդաշնակ մարդու պես անընդհատ այս ու այն կողմ ենք նայում, փորձում նմանակել մեկ սրան, մեկ նրան՝ այդպես էլ չգիտակցելով, որ ունենք մեր ինքնատիպությունը, որ մենք պիտի աշխատենք մեր տեսակի կայացման ուղղությամբ, որ մեր լեզուն մենք ենք, որ կանք։
Լեզուն մտածողության կարևորագույն գործիքն է։ Մայրենի լեզվի միջոցով ենք մենք ճանաչում աշխարհը, ինքներս մեզ, մեր բառերն են կերտում մեր տեսակը, ամուր պահում մեր ինքնատիպությունը կյանքի հարափոփոխ ընթացքի մեջ։ Ու պիտի բառերից սկսած՝ մաքրենք մեր ներսը, որ ուժեղանանք, ունենանք ազգային եսի գիտակցում։ Ու, ի սեր Աստծո, սա բոլորովին էլ միայն գրական խոսքով հաղորդկացվելու քարոզ չէ։ Մեր անուշ բարբառները, ժողովրդախոսակցական արտահայտությունները, օրհնանքները, հայերեն պարզ ու հարազատ բառերը պիտի կազմեն մեր լեզվամտածողության առանցքը։ Ու ամեն իրավիճակի համար պետք է լեզվի համապատասխան ոճը գործածել։ Իսկ օտար լեզուներ իմանալը շատ կարևոր ու լավ բան է։
Հայոց լեզվի մասին ճառեր ասելու, այն սրբացնելու, վերամբարձ ոճով գովերգելու փոխարեն պարզապես պետք է հայերեն խոսել, հայերեն մտածել, հետևել, թե ինչ բառեր են հնչում մեր շուրթերից, քանի որ այդ բառերը կենդանություն ստանալու, մեզ ուղղորդելու, մեր կյանքի որակը փոփոխելու աննկարագրելի մեծ ուժով են օժտված։
1600 տարուց ավելի է անցել այն ժամանակից, երբ Մաշտոց անունով մի հանճարեղ այր ստեղծեց կամ վերագտավ հայոց գրերը, ու խիստ ամոթալի է այս լուսավոր ժամանակներում գրել օտար տառերով։ Մարդն էլ ունենա սեփական գիր և պղծի իր լեզուն՝ barev dez, anteri tesk unek, sat sirun ek……….. Հայրենասիրությունը երբեմն շատ պարզ ու սովորական բաներից է բաղկացած։ Դե, օրինակ՝ համացանցում և ամենուր հայերեն խոսքը հայատառ գրելուց։ Սա այնքան պարզ ու անքննելի իրողություն է, որ նույնիսկ հավելյալ մեկնաբանության կարիք չկա։
Ու եթե մենք այս նվազագույն և առաջին հայացքից անկարևոր, բայց իրականում ամենակարևոր պահանջները չպահենք, ապա մեր հաղթանակներին, պայծառ օրերին դեռ երկար ենք սպասելու․․․
Իսկ ես շատ խոր ու վստահ հավատ ունեմ, որ մենք կարող ենք ու արժանի ենք ունենալու ուժեղ, միասնական, սիրով ու համերաշխությամբ լի, ազգային ու համամարդկային արժեքները գնահատող ու տանջատող հանրություն ու հայրենիք։
Արսեն Վարդանյան
Մանկավարժ, կրթության փորձագետ