
Ես օր-օրի համոզվում եմ, որ չկա ոչ մի սահմանափակում, որ բոլոր սահմանափակումները ծնվում ու ապրում են մեր գլխում: Ինչպիսին պատկերացնում ենք մեր կյանքը՝ այնպիսինն այն դառնում է: Ինչ գնահատական տալիս ենք ինքներս մեզ, մեր հնարավորություններին, մեր ընդունակություններին՝ այդպիսին դառնում ենք: Հավատո՞ւմ ենք, որ կկարողանանք՝ կարողանում ենք: Հավատո՞ւմ ենք, որ կյանքն անարդար է, որ երկրի վիճակը թույլ չի տալիս, որ մեզ շրջապատող մարդիկ չար են, որ ընտանիքի անդամները մեզ ճնշում են՝ այդպիսի իրականություն էլ ունենում ենք: Հավատու՞մ ենք, որ մենք ստիպված ենք, պարտավոր ենք լինել ստորացված, ճնշված, զոհի կարգավիճակում՝ այդպես էլ ապրում ենք:
Ես չեմ ասում, որ չկան խոչընդոտներ: Կան միշտ ու փառք Աստծո, որ կան: Դրանք ուժեղացնում են մեզ, օգնում են, որ դուրս գանք մեր կաղապարներից, մեր նեղ մտածելակերպից, որ հաղթահարենք մեր ներսի վախերը, որ լքենք մեզ ծանոթ ափը, որ հայացք գցենք հորիզոններին, որ նայենք մեր ներսը, գտնենք մեր իրական ԵՍԸ մեր իրական ցանկությունները:
Խոչընդոտները՝ փորձ ձեռք բերելու, ուժեղանալու և հաղթանակած դուրս գալու համար են:
Այսօր գրքերիս ընթերցողներից մեկը շատ երկար նամակ գրեց ինձ՝ բացատրելով, որ ինքը հետևում է իմ բոլոր ասածներին ու երկար ժամանակ է երազում է մի գործի մասին, բայց այդ գործը չի ստացվոմ: Հետաքրրքվեցի ինչ գործի մասին է խոսքը և պատասխանն անսպասելի էր՝ որակի հսկիչ: Հետո երկար ժամանակ ինձ փորձում էր համոզել, որ այո, դա պատասխանատու աշխատանք է, որ սիրում է, որ երազում է և այլն: Ես իհարկե՝ ՉՀԱՎԱՏԱՑԻ:
Ես իրեն հարցրեցի՝ եթե պատկերացնենք, որ քո կյանքում ամեն բան հնարավոր է, ամեն ինչ ունես, ոչնչի կարիք չկա՝ ինչ գործով կցանկանայիր զբաղվել? Եթե նաև ա՛յդ դեպքում՝ դա որակի հսկիչն է, ուրեմն այո՜՜՜, դա է քո ճանապարհը, հասիր, համառիր:
Քիչ հետո գրեց. Ես հասկացա՝ ես երազում եմ իմ սեփական գործն ունենալու, այն որակապես բարձր մակարդակում պահելու, ճանապարհորդելու և բարի գործեր անելու մասին:
Ես ժպտացի… Մարդը վերջապես գտավ իրեն:
Մի ծուլացեք, փնտրեք ձեզ, խնդրում եմ