
Հյուսիսային Ամերիկայի այս իսպանախոս երկիրը 126 միլիոն բնակչություն ունի և յուրաքանչյուր տարի ավելի քան 20 միլիոն զբոսաշրջիկ է հյուրընկալում: Աշխարհագրորեն այն Հյուսիսային Ամերիկայում է գտնվում, սակայն համարվում է Լատինական Ամերիկայի երկիր:
Մայրաքաղաք Մեխիկոն կառուցված է լճի վրա և համարվում է Հս. Ամերիկայի ամենահին քաղաքը: Սակայն այն ամեն տարի մի քանի սանտիմետրով «իջնում» է ցած: Մեխիկոն երկրորդ ամենամեծ մեգապոլիսն է աշխարհում՝ Տոկիոյից հետո: Մեխիկոյի գլխավոր արդյունաբերությունն ուտելիքների, ըմպելիքների, ծխախոտի ու երկաթի արտահանումն է: Հետաքրքրական է, որ Մեքսիկան իր անունը ստացել է մայրաքաղաք Մեխիկոյից:
Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանագիծը աշխարհում ամենաերկար սահմանագիծն է: Նրանք շատ են կարևորում ընտանիքը: Ընտանիքի ղեկավար է համարվում հայրը, սակայն նորածին երեխաներին տրվում է թե’ հոր և թե’ մոր ազգանունը:
ԱՄՆ-ի ամենամեծ թվով ներգաղթածները մեքսիկացիներն են: ԱՄՆ-ի Տեխաս նահանգը մինչև 1836 թվականը Մեքսիկայի նահանգներից է եղել:
Մեքսիկան հայտնի է իր խոհանոցով: Դեռ մանկուց մեքսիկացիները սովոր են ուտել չափազանց կծու կերակրատեսակներ: Նրանց խոհանոցում չափազանց շատ են օգտագործում լոլիկ, պղպեղ, սխտոր և պանիր: Մեքսիկացիների արագ սննդի սիրելի տեսակներից են տապակած ծղրիդները (fried crickets):
Մեքսիկայի ազգային խմիչքը տեքիլան է, որը պատրաստվում է կակտուսից, իսկ խմիչքի անունը ծագում է նահանգներից մեկի անունից:
Մեքսիկացիների սիրելի հանգստյան վայրերից է Կարմենի լողափը, որը ժամանակին ձկնորսական փոքր գյուղ է եղել: Այժմ այստեղ կարելի է տեսնել շքեղ հյուրանոցներ, ռեստորաններ, զվարճանքի վայրեր:
Սակայն միևնույն ժամանակ կան նաև համեստ հանգստյան տներ, որտեղ կարող է հանգստանալ Մեքսիկայի միջին խավը:
Զբոսաշրջիկներին հատկապես գրավում են մեքսիկական բուրգերը, որոնք բավական տարբերվում են եգիպտական բուրգերից: Մեքսիկական բուրգերը ժամանակին երկու նպատակի են ծառայել. այնտեղ կա’մ զոհաբերություններ են մատուցել, կա’մ սուրբ արարողություններ կատարել: Որոշ բուրգեր էլ ծառայել են որպես դիտակետեր:
Իսպանացիները ցլամարտը ներմուծեցին Մեքսիկա, և այն այժմ համարվում է Մեքսիկայի ազգային մարզաձևը, չնայած ֆուտբոլն ավելի տարածված է:
Չիխուախուա շնիկները, որոնք աշխարհում ամենափոքրամարմին շնիկներն են, անվանվել են Մեքսիկայի Չիխուախուա նահանգի անունով:
Մեքսիկան աշխարհին «ծանոթացրեց» շոկոլադի, եգիպտացորենի և կծու պղպեղի հետ: Իսկ ացտեկները տաք շոկոլադ խմում էին շատ դարեր առաջ:
Մեքսիկացիները սիրում են զվարճանալ և երեկույթներ կազմակերպել հենց փողոցում: Եվ միայն այդպիսի որոշ երեկույթների ժամանակ են նրանք կրում մեզ ծանոթ լայնեզր գլխարկները և թավ բեղերը: