Ճանաչիր ինձ – Արմեն Թադևոսյան

Բարև՜։ Ես Արմեն Թադևոսյանն եմ՝ մի հասարակ պատանի Նոր Երզնկա գյուղից։ Եկել եմ մի փոքր պատմելու իմ մասին, չնայած որ պատմելու շատ բան չկա, բայց ես երկար եմ գրում, այնպես որ երանի այսքանը կարդացողին։
Ես ծնվել եմ Կոտայքի մարզի գյուղ Նոր Երզնկայում։ Փոքր տարիքում այս արտահայտությանը ավելացնում էի Նաիրիի շրջանը, դե փոքր էի, մի բան լսել էի ու չգիտեի, ոչ վաղուց Նաիրիի շրջան էլ չեն ասում։ Դեռ փոքրուց, շնորհիվ ընտանիքիս, սիրում էի սովորել։
Եկավ 2008թ. սեպտեմբերի 1-ը։ Սկսվեց մի հավես շրջան, որը աչքս չթարթած արդեն ավարտում եմ։ Բոլորիս կյանքում էլ դպրոցը մեծ դեր է խաղում, ինչը մեծանում է, եթե մենք ենք ցանկանում։ Դեռ տարրական դասարաններում սովորելիս սիրում էի գրել։ Հիշում եմ՝ առաջին բանաստեղծությունս Մեսրոպ Մաշտոցի մասին էր, որ պետք է ասեի մեր միջոցառմանը, բայց միջոցառման օրը մոռացա ու ինչ-որ բան հորինեցի։ Գրելու շրջանում ինձ մեծ մոտիվացում տվեց մեր աշխարհագրության ուսուցչուհին, երբ 4-րդ դասարանում ինձ մի մեծ տետր նվիրեց, որի մեջ ես պետք էի գրեի բանաստեղծություններս (մինչև հիմա գրում եմ)։ Դե ընթացքում մեծացա, սկսեցի ավելի շատ գրել, ինչի վրա մեծ ազդեցություն ուներ նաև պապիկիս եղբայրը, ով ևս գրող է։
Տարիները փոխվում էին, ես՝ նույնպես։ Սկզբում ես սուսիկ-փուսիկ մի տղա էի, ով ամբողջ օրը գրավոր էր գրում առանց շփվելու (գրավորի հատվածը մինչև հիմա կա)։ Բայց հետո ժամանակի հետ սկսեցի շատ շփվել ու հասկանում էի՝ որքան շատ եմ շփվում, այնքան ավելի եմ բացվում ու զարգանում։
Զարգանում էի թե՛ գրական առումով, թե՛ մաթեմատիկական։ Գրական առումով ինձ վրա ազդեցություն ունեցան իմ գրականության ուսուցիչները, որոնց ես շատ շնորհակալ եմ։


2018թ. հրապարակեցի իմ առաջին գիրքը՝ Չարի Թեո «Առաջին գործեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Ինչու՞ Չարի Թեո։ Որովհետև ես իմ կյանքով, իմ մտքերով, ես ինձանով պարտք եմ Աստծուն, ամեն բան ինչ ունեմ հենց նրա շնորհիվ է, իսկ Չարի (Չարագոսթե) Թեո հունարենից թարգմանաբար նշանակում է Շնորհակալություն Աստված։ Բայց ուրախ եմ, որ հրապարակեցի, այլ ոչ թե հրատարակեցի։ Ինչու՞։ Որովհետև ինչպես ասաց ինձ Հայկ Համբարձումյանը, ես դեռ շատ պետք է հասունանայի, իսկ սրանք թող լինեն իմ փոքր արմատները, որ նոր եմ գցում։ Հենց նրա խորհրդով աշխատեցի արձակի վրա ու ի՞նչ։ 2019թ. փետրվարի 13-ին գրեցի առաջին պատմվածքս, իսկ հուլիսին վերջացրի գիրքը՝ «Վեր բարձրացիր ու կհաղթես»։ Գիրքը պատմվածքների հավաքածու է, որոնց մեծ մասը հիմնված են իրականության վրա։ Յուրաքանչյուր հերոս պայքարում է, պայքարում է վեր բարձրանալու համար. նա պիտի հաղթի։
Մի քիչ էլ խոսեմ իմ մյուս զբաղվածություններից։
Այս հոդվածը իրականում պետք է գրվեր դեռ օգոստոսին, սակայն շատ լավ է, որ այն ժամանակ չգրվեց։ Իսկ ինչպե՞ս ես ներգրավվեցի newsflow.am հրաշք նախաձեռնության աշխատանքներում։ Շատ պարզ՝ ես իմացա կայքի մասին, ցանկություն հայտնեցի ու Ավո Ավետիսյանը չմերժեց։ Ես մտա մի հրաշք թիմ, որը սկսեց դառնալ իմ կենսակերպի մի մասը՝ իմ հրաշք ընտանիքը։ Կայքում արդեն ունեմ 200-ից ավելի հոդված, յուրաքանչյուրի վրա աշխատել եմ սիրով, հատկապես, երբ գրում էի տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատասիրության մասին։ Շատ մեծ հաճույք է, պատճառը մարդու դեմքին ժպիտ բերելն է ու նոր ընկերներ ձեռք բերելը։ Այո, այս ընթացքում թե կայքի աշխատակիցները, թե շատ-շատերը, ում մասին ես գրել եմ, դարձել են շատ մոտ ընկերներ։ Շնորհակալություն էս ընտիր ծրագիրը ստեղծողներին ու մեզ միացողնորին։
Իսկ էլ ինչո՞վ եմ ես առանձնացնում անցյալ ու այս տարին։ Պատճառը միգուցե մի փոքր ծիծաղելի հնչի։ Անցյալ տարի ամռանը ես պատկերացում կազմեցի իմացա ստարտափ գաղափարի մասին։ Առաջին անգամ, չիմանալով, որ դա կարող է ստարտափ անվանվել, դեռ 8-րդ դասարանում ընկերներիս հետ փորձում էինք ստեղծել հավերժական շարժիչ։ Դե բայց ձախողվեց, պատճառն էլ ակնհայտ է։ Բայց հավես էր ամեն դեպքում։

Իսկ այ անցյալ տարի հոկտեմբերից ես սկսեցի հաճախել Startup Armenia հիմնադրամի կողմից ստեղծված Startup ակումբ, որի շնորհիվ ոչ միայն ընկերներիս շրջանակը բավականին լայնացավ, այլև անհրաժեշտ չափով գաղափար կազմեցի ստարտափ սկսելու և այն զարգացնելու վերաբերյալ։ Հենց այս տարի ապրիլի 13-ին, ինչպես ես ասացի, ծնվեց մեր թիմի «առաջնեկը»՝ Belthy-ն։ Այն առողջապահական ստարտափ է, թեև դեռ չի կատարում իր հիմնական գործառույթները, բայց ձեզ բավականին օգտակար ինֆորմացիա կարող է տալ, ինչու ոչ՝ օգնել լինել ավելի առողջ։ Վստահ եմ՝ շուտով այն ավելի կզարգացնենք ու հանրությանը ավելի օգտակար ծրագիր կդարձնենք։
Ի դեպ, հենց ստարտափ ակումբ հաճախելու ճանապարհին անում էի տարատեսակ լուսանկարներ, ինչի արդյունքում սկսեցի լուսանկարչությունը սիրել։
Ահավոր շատ եմ սիրում նաև կամավորությունը, քանի որ դա մարդկանց օգնելու շատ հետաքրքիր տարբերակ է։ Հենց կամավորության արդյունքում էլ հայտնվեցի Մարզերի երեխաները մարզերում ծրագրի կամավորների ցանկում, որտեղից ստանում եմ բազմաթիվ գիտելիքներ։ Բացի այդ հենց դրա շրջանակներում էլ մի շարք ոգևորված այլ պատանիների հետ ստեղծեցինք Էվրիկա նախաձեռնությունը, որ կարճ ժամանակահատվածում բավականին ակտիվություն մտցրեց աշակերտների և ոչ միայն շրջանում։
Ի դեպ, մի քիչ էլ ինձ բնութագրեմ՝ տարօրինակ եմ ու հետաքրքրասեր, ահա թե ինչու հոդվածում կա այդքան հարց։ Իսկ սիրածս բառերը երևի էլի հասկացաք՝ ընտիր, ահավոր, թույն։

Հա՛, միգուցե շատ գրեցի, բայց դեռ շատ ասելիք ունեմ, որ ասելու եմ։ Սեփական կարծիք ունենալը, սակայն այն ճիշտ գաղափարների վրա հիմնելը և դրա արդյունքում մարդկանց օգնելը իմ կյանքի գլխավոր սկզբունքներից մեկն է։

Մյուս գլխավոր սկզբունքը երախտագետ լինելն էլ է,ահա թե ինչու այս հոդվածում տարբեր մարդկանց մասին նշեցի, բայց դա դեռ քիչ է, քանի որ այդ շրջանակը մեծ է՝ ամեն նոր բառը, միտքը, նոր ծանոթությունները, իմ ուսուցիչները դասարանը, ընկերները, ընտանիքը, բնությունն ու ամենակարևորը՝ Աստված։ Ահա հենց նրանց եմ ես շնորհակալ, որ կամ, որ այսպիսին եմ, որ ես անհատ եմ՝ հասարակության մեջ, ով պիտի ծառայի հանրային շահին՝ ըստ առաջնահերթության։

Միշտ առաջ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ