Արմեն Թադևոսյան (Չարի Թեո) – «Տալի՛թա, կու՛մի /Մաս 1»

Անձրևի հետևանքով գոյացած ջրափոսերի միջով արագ քայլելով հասավ տուն։ Ոտքերն ամբողջովին ցեխոտ էին։ Դրսում կեսգիշերյան խավար էր, ներսում՝ խավար դատարկություն։
_________
– Բարի լույս բոլորին։ Հա ի՞նչ, սովորական բարևում եմ, աչքներդ էնպես եք չռել, կարծես թե մարդ եմ սպանել նախքան դասարան մտնելը։
Դասարանը նորից անցավ իր սովորական եռուզեռին. տարբեր անկյուններում միմյանց մոտ խմբված աշակերտներ, տարատեսակ ձայներ ու մեկ-մեկ հենց նոր մտած աղջկան նայող հայացքներ։
– Լսե՞լ եք՝ վերջերս ինչ բոմբ լուրեր են պտտվել։
– Ամբողջ դպրոցն է հիմա նրա ու նրա մոր մասին խոսում։
– Աստված հեռու պահի նմաններից։
Սենյակի տարբեր անկյուններից լսվում էին փսփսոցներ։ Այնպիսի պատկեր էր ստեղծվել, որ անկյունում մենակ նստած աղջիկը գտնվում էր դպրոցի խոսակցությունների կենտրոնում։ Լացու՞մ էր։ Չէ, էդպես էր միայն թվում։ Էլի չէ, զսպում էր իրեն։ Ցույց չէր տալիս աչքերից իջնող արցունքները. դրանք չկային։ Բայց սիրտը քար չէր։ Իսկ ականջներն էլ կարծես դիտմամբ որսում էին բոլոր ձայները։ Չդիմացավ։ Դուրս եկավ։ Քրքջոցը հաջորդեց արագ քայլերին։ Վազեց դեպի տուն։ Դպրոցի դուռը փակ էր. դասի զանգն արդեն հնչել էր։ Փորձեց ուժ հավաքել.«Բալես, հավատու՞մ ես, չէ՞, ինձ։ Դե կարևորն էլ դա է։ Գլուխդ բարձր կգնաս դպրոց ու կգաս»։
Գնաց դասարան։ Անվստահ էին քայլերը։ Հիշում էր իրեն նայող հեգնական հայացքները։ Դրանք սպանող էին։ Սպանում էին իր ներսի խարիզման։ Վերջին աստիճանները կարողացավ բարձրանալ միայն ուսուցչի նկատողությունից հետո։ Դասարան մտավ ուսուցչի հետ միասին։ Գլուխը կախ էր։ Չնկատեց ոչ մի դեմք։ Ձայներ չլսվեցին. մտնող ուսուցիչը խիստ էր։ Նստեց իր տեղը. կողքին նստողը տեղափոխվել էր։ Նրա ներսում մեծ ձայն էր հավաքված. եթե նա ճչար ու դուրս հաներ ողջ կուտակվածը, սենյակի պատերն անզոր կլինեին ձայնը ներսում մեկուսացնելու համար։
Վերջին դասի զանգն էլ հնչեց։ Քայլում է տուն։ Սրտի բացասական էներգիան լիցքավորել է ոտքերը։ Քայլում է ակամա, ռեֆլեքսորեն, կարևորը հասնի տուն։ Լավ է՝ տանը ոչ ոք չկա։ Հիմա կարող է մեղադրել նրան։ Ու՞մ։ Նրան, ում չի ճանաչում, ում բոլորն են մեղադրում, ով բոլորի համար ապրում է, երբ պետք է մեղադրել ինչ-որ մեկին, մնացած ժամանակ գրեթե մեռած է։ Հանգստացա՞վ։ Երևի։ Երևի չէ։ Ժամանակը ամեն ինչ կհարթեցնի։ Երևի թե։ Արդեն 10 րոպե չի արտասվում։ Մեծ առաջընթաց է։ Դուռն է։ Երևի նա է։ Բացիր, թող գա։
– Աշխատանքդ ավարտվե՞ց։
– Մի քանի ժամով միայն։ Ինչպե՞ս անցավ դպրոցում։
– Ինչպես դատարանում, երբ դատավորը համր է։
– Այսի՞նքն։
– Խոսելու հավես չունեմ։ Շարունակությունը գովազդից հետո կամ երբեք։ Բարի գիշեր։
Ասաց ու առանց սպասելու պատասխանին գնաց սենյակ։ Ընկավ մահճակալին։ Միանգամից քնեց։ Անհավատալի է։ Էմոցիոնալ անհանգիստ վիճակում մարդիկ քնել չեն կարողանում։ Իսկ նա՞։ Նա անցել էր այդ էտապը ևս։

Կիսալուսնային գիշերը անցավ։

– Բարի լույս։ Ինչու՞ ես եկել։
– Բարի։ Որ միասին քայլենք դեպի դպրոց։ Ասելիք ունեմ։

_______

Տալիթա, կումի

Նոր մուտքը հին մուտքով

Ձեզ նույնպես կարող է դուր գալ