
15:23 սկսեցի սա գրել։ Ինչու՞։ Ինքս էլ չգիտեմ։ Երևի նրա համար, որ վերջերս սկսել եմ ավելի շատ մտածել ժամանակ կոչվածի շուրջ։ Չգիտեմ՝ դուք երբ կկարդաք սա, բայց հաստատ, երբ ընթերցեք գրածս էլ ներկա չի լինի, կլինի անցյալ։ Կընթերցեք ու կանցնենք։
Լսել եմ՝ ժամանակը հարաբերական է, ճի՞շտ է։ Պահեր կան, ուզում ես չավարտվեն։ Լավ, գոնե երկար տևեն, գոնե մի քանի ակնթարթ։ Բայց որքան շատ ես ցանկանում երկարեցնել պահը (այո, պահը, ոչ թե դեպքը, իրադարձությունը), այնքան ավելի կարճ է տևում այն։ Ափսոս, ինչ արած։ Իսկ ինչու՞ է տհաճ երևույթը այդքան երկար տևում։ Չգիտ…
Անցավ! Բացարձակ է ժամանակը։
Չես հասցնում ավարտել խոսքդ, մեկ էլ, հոպ, ժամը ժամից անցավ։ Չես հասցնում ճանաչել դասընկերներիդ, և, և արդեն 4-րդ կուրս ես։ Հա դեռ 17-ս նույնիսկ չի լրացել, բայց ինչ գիտեմ՝ միգուցե՞ սա գրելուց հետո մի պահ հետ նայեմ, ապա առաջ ու արդեն չափահաս դառնամ։
Չգիտեմ, բայց մի բան գիտեմ. ժամանակը ունի նաև իր դրական կողմը. միշտ այն կա, միշտ դու ունես ժամանակ, ուղղակի սիրիր այն, օգտագործիր, ինչպես ճիշտ ես գտնում և միգուցե շահես…
Ձեր ժամանակից խլեցի մի քանի րոպե, իմ ժամանակից՝ 22 րոպե։ Բայց պետք էր։
Ժամը 15:45 է, ժամանակը գնում է…