Արմեն Ավո – «Ես կուզեի…»

Ես կուզեի մթության մեջ
Որպես մոլոր մի ուրվական,
Որպես սիրո կերոն անշեջ
Տեսնեի քեզ վերջին անգամ։

Ես կուզեի մեր սեգ դաշտում,
Մեր սարերում հայրենական,
Որպես սիրո ծաղիկ տրտում
Տեսնեի քեզ վերջին անգամ։

Ես կուզեի մեր գետերում,
Մեր ծովերում անմահական,
Որպես լուսե ստվեր սիրուն՝
Տեսնեի քեզ վերջին անգամ։

Ես կուզեի ի՛մ անմոռաց, ի՛մ սիրելի
Խենթ հուշերով գեթ մի վայրկյան
Դառնայի գիրկն իմ անցյալի,
Տեսնեի քեզ վերջին անգամ։

Ինչպես կիջնի արևն անշեջ
Լեռան ձեռքում կարոտով լի,
Ես կուզեի իմ ձեռքի մեջ
Տեսնել քո ձեռքն ի՛մ նազելի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ