Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

Մեր հայրենի՞ք , ազատ , անկա՞խ …

Իսկ որն է արդյոք մեզ համար ազատության ու անկախության չափանիշը,  հասկանու՞մ ենք մենք այդ արժեքները և որքանով ենք այն իրական համարում։

Ազատությունն ու անկախությունը պետք է զգալ։ Բայց որքանո՞վ ենք ազատ ու անկախ զգում մեզ։Գուցե թաքցնու՞մ ենք այն։Բայց որտեղ ե՞նք թաքցնում,  որ օրվա համար։  Չէ, երևում է մենք իսկապես ազատ ու անկախ չենք, երևում է դրանք ուղղակի լոզունգներ են։ Այդ լոզունգները մեզ կերակրել են դեռ երեխա ժամանակվանից։ Մեզ փորձել են ազատության ու անկախության լոզունգ կերցնել ,  հասկանու՞մ եք։ Զավեշտ … Այդ արժեքներն ուղղակի նախաճաշի, Հյուսիսային Պողոտայում պատրաստված հոթ դոգ ու ուտեստ չեն։  Այդ արժեքներն հասկանում են , բացահայտում են, ընկալում ու ապրում ։

Որ ապրել է դարեդա՞ր …

Իսկ ի՞նչ ենք անում մենք, որ մեր հայրենիքը նորից դարեդար ապրի, գոյություն ունենա։ Մենք ունե՞նք հայրենիքը յուրովի դարեդար ապրեցնելու բանաձևը, արդյո՞ք դա ունենք մեր մտքերում,  թե՞ բավարարվում ենք Տիգրան Մեծի, Մաշտոցի, Նարեկացու ու Կոմիտասի դարեդար ապրեցմամբ։

Երբ այսօր եկեղեցում Շնորհալու ու Մաշտոցի շարականներն են երգվում, երբ ավտոբուսի մեջ կամ սրճարաններում Կոմիտաս ու Մանսուրյան է հնչում հայրենիքը ապրում է, ապրեցման մեջ է։ Այլ հարց է մենք բավարարվում ենք այդ ապրեցմամբ,  թե՞ ուզում ենք ձգտել նորից,  ձգտել ապրեցնել հայրենիքը դարեդար, արդեն յուրովի, ինքներս մեր ձևով։

Իր որդիքը արդ կանչու՞մ են

Ազատ, անկախ Հայաստա՞ն …

Հայրենիքը կանչու՞մ են, իսկ ե՞րբ են կանչում։  Հա՛ անկախության օրը , բանակի տոնին, Ամանորի գիշերը։ Ամեն տարի Ամանորի գիշերը նորից ազատ , անկախ Հայաստան ենք կանչում , հավատում դրա իրագործմանը ՝  նույնիսկ կատարելագործմանը ու թողնում բախտի քմահաճույքին։ Կարծես թե Հայաստանն ինքը պիտի ազատ ու անկախ լինի։ Հետո բողոքում ենք. բա սա երկիր ա՞, բա սա ազատ, անկախ Հայաստա՞նն է։ Կարծես Հայաստանն իրենց պարտավոր է, կարծես Հայաստանը մեղավոր է, որ այդ մարդը ցույցի կամ հերթական հեղափոխության ժամանակ կոկորդ էր պատռում, թե բա “ազա՜տ, անկա՜խ Հա՛յաստան” ու հիմա Հայաստանը չի ենթարկվել, չի կատարել կոկորդ պատռողի հրամանը։ Երևի Հայաստանն է մեղավոր, որ դուք ձգտում չունեք ձեր մեջ ու լոզունգներով եք ապրում։

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի։

Մենք դրոշն օգտագործում ենք տեղի անտեղի։ Դրոշները կախում ենք պատշգամբներից, կաբինետներից, գցում մեր մեջքին ու քայլում։ Հետո գնում ենք տուն, հանում դրոշը,  շպրտում չգիտես էլ ուր և դրոշը փոշու հետ նստած սպասում է հաջորդ ցույցին, հեղափոխությանը, հայրենասիրական միջոցառմանը։ Չեք նկատե՞լ,  որ դրոշն ուղղակի զզվում է ձեզանից, ձեր ձևամոլությունից։Ու երբ ինչ որ մի տեղ, ինչ որ մի թուրք վառում է հայկական դրոշը ազգովի հայրենասեր ենք դառնում, ազգովի դառնում ենք դրոշի վկաներ, մի լա՜վ քննադատում ենք ու վերջ, վերջ, վերջ անցնում ենք մեր սովորական կյանքին։ Իսկ դրոշը փոշու հետ նստած է …

Նայիր նրան երեք գույնով

Նվիրական մեկ նշան

Թող փողփողի թշնամու դեմ

Թող միշտ պանծա Հայաստան։

Ու մենք կարծում ենք,  որ դրոշի դիմաց մեր թշնամիները սարսափելու են,  նրանց բանակները կործանվելու են , նրանք կործանվելու են։ Ու փաստորեն Հայաստանը դրոշով է պանծալու։ Դրոշը պետք է աշխատի, դրոշը պետք է կրթի, դրոշը պետք է երկիրը ներկայացնի օտարներին, դրոշը պետք է գեղեցկացնի ու հզորացնի Հայաստանը։ Պարզամտություն ուղղակի։Հասարակ գցոցի։ Մենք մեր սեփական պարտականություններն ու պատասխանատվությունը գցում ենք դրոշի վրա։ Դրոշը Հայաստանին դեմ տալու փոխարեն լավ է գիտակցել սեփական պարտականություններն ու պատասխանատվությունը Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը կպանծա, երբ հարգենք նրան ամբողջովին։  Հայաստանը կպանծա, երբ ապրենք Հայաստանով, մեր ամեն օրը Հայաստանվենք։  Հայաստանը կպանծա, երբ իր ընտանիքի անդամներին հիշենք միշտ, ամեն անգամ,  այլ ոչ թե ուխտից ուխտ կամ կորստից կորուստ։

Ամենայն տեղ մահը մի է

Մարդ մի անգամ պիտ մեռնի

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կմեռնի։

Ազատության համար պետք է մեռնե՞լ։  Իսկ չի լինի՞ ազատության համար պայքարել ու ապրել։  Պետք է պայքարել, ձգտել ազատությանը, նվաճել ու ապրել, զգալ ու հասկանալ։ Մեզ սովորեցրած ազատությունն իրականում անազատության ճահիճն  է, որի մեջ անընդհատ ավելի խորն ենք խրվում դուրս գալու փոքրացող հույսով…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ