
Դիմացիս սեղանին երկու տղա էին նստած , քրքրում էին ճաշացանկը ու փորձում գտնել իրենց ուզած ուտեստը։Մրսելով եկել , հասել էին այստեղ , որ հաց ուտեին։Իսկ մենք հաց ուտող ազգ ենք։Դա էլ եմ շատ լսել թերևս։
Մոտեցա , պատվերը վերցրեցի , սկսեցի սպասարկել։Երկու կոկա֊կոլա վերցրեցի , որ տանեմ իրենց սեղան ու մինչ կոլան դրել էի սեղանին փորձելով բացել նկատեցի ու պատահաբար լսեցի այս երկուսի խոսակցությունը։Նրանցից մեկը կարծես այտեղ ապրելուց ու աշխատելուց էր խոսում։Իսկ մյուսն ուզում էր հեռանալ , դրա համար էլ ասեց
֊ Բա ստեղ մնամ ի՞նչ անեմ …
Նա գնացողներից էր։Նա նստած էր Հայաստանում , տաք ու հարմարավետ և պատրաստվում էր խժռել իր սիրելի ուտեստը էլի Հայաստանում ։Բայց նա գնացողներից էր …
Մի ուրիշ հակակրանքով եմ վերաբերվել երկրից գնացողներին ու թերևս շատ անգամ որակվել որպես ծայրահեղական ու սահմանափակ մտածող։Բայց ես ուղղակի չեմ ցանկացել մնալ միայնակ այստեղ , այս փողոցներում ու բակերում , չեմ ուզեցել լինել քաղաքի միակ բնակիչը ու ապրել այդ ունայնության մեջ , չեմ ուզեցել նայել դատարկ պատերին ու պատուհաններին ու չտեսնել վառվող լույսը։
Լույս չկա տանը , պատուհանները փակ են ու փոշեկալած։Հավանաբար այդտեղ մարդ չկա երկար ժամանակ։Այգում ինչ տեսակ մոլախոտ ասես աճել է։Այնքան շատ անպիտան խոտ կա , որ մի քանի հատ վարդերը խեղդվում են , ճնշվում ու խոնարհվում։Խոնարհվել էր տունը միայնության առաջ։Այդ ամենն ասես դատավճիռ լիներ , որ ընդունել ու լուռ դիմանում էր։Նման դատավճիռ շատերն են կայացնում և տալիս իրենց տանը , որ ընդունի առանց այլընտրանքի։Մենք դատապարտում ենք մեր տներին , ինքներս մեզ , քանի որ այդ տան մի մասն ենք կազմում , այդ պատերի ներսում կյանք ու արժեք տվողն ենք հանդիսանում։Դատապարտում ենք ու հեռանում։
Չեմ ուզեցել պատկերացնել ինձ անգամ այդ ունայնության մեջ։
Նույնիսկ այդ դեպքում , թեկուզ և հասնեի խելագարության ես չէի գնալու։Չէ՛ , ես իմ տունը , իմ օջախը չէի լքելու։Ինչու՞ , լավ ապրելու համա՞ր։Սուտ է , կեղծ պատրանք։Ուղղակի փախուստ։Փախուստ իրականությունից , փախուստ քո տանից , վիճակիցդ , որը կարող ես փոխել և որի համար հայրենիքդ , տունդ մեղավոր չեն …
Հայրենիքն ի՞նչ մեղավոր է , որ դու թուլամորթ ես ու փխրուն։Դու քեզ դարձրել ես այնքան փխրուն , այնքան փափկասուն , որ անգամ թեթև դժվարությունն ընդունում ես անելանելի մի բան ու լուծումը գտնում հեռանալու մեջ։
Հայրենիքն ի՞նչ մեղավոր է , որ դու սահմանափակ ես ոչ միայն մտքով , այլ տեսակով ու գործելու կարողություննորով։Դու սահմանափակ ես նայում քո իսկ կարողություններին ու հնարավորություններին , պայքարելու , կերտելու փոխարեն ստեղծում եո հիմար մի ինչ որ միտք , դա նորից կապում հայրենիքիդ հետ ու մնում նույն տեղում։
Հայրենիքն ի՞նչ մեղավոր է , որ դու չունես հասարակ պատասխանատվություն ու զգացմունք քո օջախի , կերտածի նկատմամբ։Դու թողնում ես այդ ամենը , գտնում հիմար , անգիր արած արդարացումներ ու հեռանում։Գուցե և սպանում նաև այն արժեքներն , որ ունեիր այստեղ և այստեղ էլ պիտի բազմանային , բայց դու կտրում ես դրանք , անմտածված։
Եվ ի վերջո հայրենիքն ի՞նչ մեղավոր է , որ դու ասում ես 《բա ստեղ մնամ ի՞նչ անեմ》։Մեղավոր է՞ քո պարտվողական մտածելակերպի համար։Դու պարտվել ես վախին։Այն կրծել է քեզ , հասել սրտիդ ու բանականությանը , կարողացել է ջնջել քո միջից պայքարելու , չկոտրվելու կամքը , ջնջել է ազգային հոգեբանությունն ու ներարկել պարտվողականի , հարմարվողի դառը թույնը։
Իսկ ես մնում եմ։Մնում եմ ինձ ու նաև ձեր համար։Մնում եմ , որ ապրեմ ու կերտեմ , արարեմ։Մնում եմ նպատակներիս համար դրանք կապելով հայրենիքիս հետ։Մնում եմ լույսս վառ պահելով մշտապես ՝ անգամ համատարած խավարի մեջ։Մնում եմ որ հողս ու օջախս չնեղանա ինձանից։Պատրաստ չեմ պարտվել , դրա համար եմ մնում։Ու եթե անգամ ամբողջ քաղաքում դատարկություն լինի , երբ անգամ հրդեհ լինի ամենուր էլի եմ մնալու։Մնալու եմ որ այդ հրդեհի միջից , տանիցս Կոմիտասի երգերը լսվեն , շա՜տ բարձր։
Իսկ դու մնում ե՞ս …