Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

Սեպտեմբերի 27

Մեր խաղաղության առավոտներն այնքան չգնահատված ու անիմաստ էին թվում էս առավոտվա համեմատ։Խաղաղության օրերին մեզ արթնացնում էր մայրիկը , քույրիկը , ընկերոջ կամ ընկերուհու զանգը , իսկ էսօր մեզ արթնացրեց պատերազմը։
Մենք առավոտյան սուրճ էինք խմում ՝ քաղցր կամ դառը ու գուցե լսում գեղեցիկ մի երաժշտություն։Էսօր մեր սուրճը քաղցրոտ կամ դառնոտ չէր , էսօր այն պատերազմոտ էր։Երաժշտության փոխարեն էլ բոլորս լարված լավ լուրի էինք սպասում , էդ կլիներ ամենալավ երաժշտությունն էդ պահին։
Մենք գնում էինք դպրոց , քոլեջ , համալսարան ու աշխատանքի , ամեն մեկս մեր գործին էր անցնում։Էսօր դրանք արդեն պատերազմոտ էին։Դպրոց գնալուց կմտածեինք , որ այ հանկարծ ճանապարհին կամ դասարանում ռումբեր չընկնեին , աշխատանքի վայրում շտապողականությունը քրտինքի պես հանգիստ չէր տա մեզ , կստիպեր ամեն ինչ արագ անել , բա որ ռմբակոծեին հենց մեր աշխատանքի վայրը , բա որ գործերը կիսատ մնային։
Սիրելիի հետ համբույրն անգամ շտապելով էինք անելու , որ զգայինք ջերմությունն ու քաղցրությունը , մտածելով , որ այ հիմա գուցե պայթյունը կիսատ թողներ էդ պահը , կիսատ թողներ այն զգացողությունները , որ կար մեկ րոպե առաջ ու էդ ամեն ինչին փոխարիներ վազելու , մի տեղ թաքնվելու , կյանքը փրկելու զգացողությունը …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ