Ես հպարտությամբ կասեմ, որ կարողացել եմ կամք գտնել և աշխատել իմ անձի վրա / Արման Բարսեղյան

Հարցազրույց Զումար հավելվածի հեղինակ, ծրագրավորող 16-ամյա Արման Բարսեղյանի հետ։

Արման, հարցազրույցներից մեկում նշել եք, որ առաջին ստարտափը ստեղծել եք 14 տարեկանում։ Ինչպե՞ս 14 տարեկան հասակում Ձեզ մոտ գաղափար հղիացավ ստեղծելու Ձերը։

Այո, առաջին ստարտափը ստեղծել եմ 14 տարեկանում, մոտ 13 տարեկանում սկսեցի հետաքրքրվել համալրված ու վիրտուալ իրականությունների տեխնոլոգիաներով։ Փորձեցի որոնել ու հասկանալ ինչպես են աշխատում այդ տեխնոլոգիաները , ինչ կիրառություններ ունեն, ինչ ոլորտներում կարելի է դրանք օգտագործել։ Այսպես մեկ տարի կրթական ուսումնասիրություն անելուց հետո 14 տարեկանում հրապարակեցին իմ առաջին հավելվածը, որը աշխատում էր համալրված իրականությունների տեխնոլոգիաներով։ Ստարտափը ստեղծելու միտքը հղացավ նրանից, որ Հայաստանում նման բան քիչ կար, մեկ կամ մի քանի հավելվածներ կային, որոնք այդ տեխնոլոգիաներով էին աշխատում և նաև կար դրա պահանջարկը։ Այսպես ես 14 տարեկանում հասկացա, որ պիտի նման բան ձեռնարկեմ և դա պետք է դառնա իմ ստարտափը։

Մի փոքր պատմեք Զումար հավելվածի մասին։

Զումար հավելվածը իրենից ներկայացնում է համալրված իրականության տեխնոլոգիաներով աշխատող հավելված, որը ուղիղ կապ ունի կրթական ոլորտի հետ։ Հավելվածի միջոցով կարելի է գրքերից ինչ-որ հատվածներ տեսնել անիմացիայի տեսքով, որը կրթական պրոցեսը դարձնում է ավելի դյուրին, Բայցի այս ամենը Զումար հավելվածը օգտագործվում է ժամանցի համար և տարբեր այլ նպատակներով։ Նշեմ, որ Զումարից բացի կան մի շարք հավելվածներ , որոնք Զումարի ենթամասերն են և առանձնացված թիրախ ոլորտների հետ են աշխատում։

Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել առաջին ծրագիրը իրականացնելիս և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել։

Դժվարությունները հիմնականում ծրագրային բարդություններ են եղել և դրանից բացի ստարտափ սկսելը ֆինանս է պահանջում և ոչ փոքր չափի։ Այսինքն ստարտափ սկսելու համար ինձ անհրաժեշտ էր եռանդ, աշխատասիրություն և շատ-շատ գիտելիք ծրագրավորման ոլորտից։ Անհրաժեշտ ծրագրերը բեռնելու համար պետք էր գումար, բայց այս բոլորը կարելի է հաղթահարել, եթե մարդ ունի հստակ նպատակ և հստակ գիտի, թե ինչ է ուզում անել ու ինչ արդյունք է ստանալու վերջում։

Կա՞ մեկը, ով ոգեշնչում է Ձեզ։

Ինձ ոգեշնչողները մեկ կամ մի քանի հոգի չեն, այդ պատճառով հերթով թվարկել չեմ կարող, բայց նշեմ, որ ինձ ոգեշնչողներ IT ոլորտում շատ մարդիկ կան։ Համաշխարհային դեմքեր, մարդիկ ովքեր զբաղվում են գիտությամբ, բիզնեսով, բայց ընդհանրապես որպես այդպիսին հիմնական ոգեշնչման աղբյուր չունեմ։ Ամեն մի լավ նորությունից, լավ հայտնագործությունից, որ կատարվում է որևէ գիտնականի կամ գիտահետազոտողի կողմից , հենց այդ գիտահետազոտողը այդ օրվա համար ոգևորում է, որպեսզի ես ինչ որ չափով աշխատեմ ինձ վրա, որ դառնամ ավելի լավ մարդ, ավելի լավ մասնագետ։

16 տարեկանում արդեն ունեք մեծ ձեռքբերումներ, ի՞նչը օգնեց Ձեզ հասնելու ավելիին։

Համեստություն չեմ անի ու կասեմ, որ այո, 16 տարեկանում ինչ որ չափով ձեռքբերումներ ունեմ, որոնց համար հպարտ եմ։ Հպարտ եմ նրա համար, որ կարողացել եմ ինձ վրա աշխատել, ինձ ստիպել, որպեսզի ավելի նպատակասլաց դառնամ և ավելի շատ խորանամ տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտներում, որը մեծ կամք էր պահանջում և ես հպարտությամբ կասեմ, որ կարողացել եմ այդ կամքը գտնել և աշխատել իմ անձի վրա։

Ի՞նչ պլաններ կան հետագայի համար։

Պլանները հետագայի համար միանշանակ ասել չեմ կարող, քանի որ ամեն ինչ չէ, որ ուղիղ կընթանա։ Այս պահին աշխարհում տիրում է լարված իրավիճակ ու ես հուսով եմ, որ դա չի խանգարի ինձ և ինձ նման շատերին բարձրագույն կրթություն ստանալ։ Պլանավորել եմ հետագայում բարձրագույն կրթություն ստանալ տեխնոլոգիական հմտություններով և ապա դրանից հետո արդեն բիզնեսի ուղղությամբ։ Ապագա պլաններումս ամենամեծ կետը սեփական կազմակերպություն ունենալն է։

Եթե ոչ ծրագրավորողի, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

Ապա կընտրեի բժշկի մասնագիտությունը, քանի որ մանկուց սիրել եմ բժշկությունը։ Հիմա էլ սիրում եմ և շատ հարգում բժիշկներին։ Նրանց մարդասիրական աշխատանքը աննկարագրելի մեծ դեր ունի մեր կյանքում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ