
Հուլիսի 12-ի կեսօրից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարվեց ու դեռ լարվածությունը շարունակվում է: Սակայն նախքան ընդհարումների սկսվելը ադրբեջանցիները սկսել էին հարձակվել հայ օգտատերերի վրա, արդյունքում տվյալների արտահոսք եղավ: Լարվածության սրման հետևանքով փոխադարձ տեղեկատվական հարձակումները ավելի շատացան:
Հուլիսի սկզբում ադրբեջանցի հաքերները սկսեցին կոտրել բազմաթիվ հայ օգտատերերի էջեր, իսկ սկսված ընդհարման ժամանակ օգտագործեցին այդ էջերը կեղծ ինֆորմացիա տարածելու համար: Հաքերների նպատակը հայ օգտատերերի շրջանում խուճապի տարածումն է: Նմանատիպ կեղծ ինֆորմացիայի օրինակ իր էջում տեղադրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, որը տեղադրում ենք ստորև.
Միաժամանակ ադրբեջանցի օգտատերերը սկսեցին մեծ լսարան ունեցող հայկական էջերի գրառումներում մեկնաբանություններ թողնել, ինչպես նաև այլ հայ օգտատերերի սադրիչ նամակներ ուղարկել: Կոտրվում էին ինստագրամյան հայ օգտատերերի էջեր, տեղի էր ունենում տվյալների արտահոսք և որոշ հաշիվների արգելափակումներ:
Որոշակի կարճ ժամանակահատվածում մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվեցին DDoS հարձակման տակ: Սակայն հայկական կայքերի մեծ մասը կարողացան ճիշտ պաշտպանվել կամ էլ արագ վերականգնվել:
Սրան մեծ ուժով հակադարձեցին հայ հաքերները, ովքեր հուլիսի 14-ի ընթացքում մի քանի լուրջ հակահարված հասցրեցին ադրբեջանական կողմին: Ստորև ներկայացնում ենք Արթուր Պապյանի կողմից հրապարկված գործողությունների ցանկը.
