Արևի աղջիկ Բիայնա – «Սրտիս հասցեն՝ նորից Հայաստան»

Երանի՜ նորից կանչեր անդադար
Էն թուխ սարերի հովը մեղմաբար,
Տաներ ինձ հեռու՜, հեռու՜ մի աշխարհ,
Ուր հոգիս կապրեր հավե՜րժ, դարեդա՜ր։

Երանի հեռվու՜մ, էն լեռան լանջին
Մի քարափ լիներ մաշված ծերպերին,
Ու հին, մամռոտած քարափի գրկին,
Մի փոքրիկ տնակ՝ բազմած ծնկներին։

Երանի՜ ծաղկունք, սիրո ծով լիներ,
Սարերից իջնող զուլալ ջուր լիներ,
Օրը ճաշ լիներ, էլ բան չլիներ,
Մի կտոր լավաշ, մի բուռ սեր լիներ։

Էն պաղ աղբյուրից նազանքով իջնող
Մի աղջիկ լիներ, ծամերը թափած՝
Փեշն էլ կարճ լիներ, էն թառլան տղին
Խելքահա՜ն անող թուխ յարը լիներ։

Երնե՜կ ուշ լիներ,զո՜վ գիշեր լիներ,
Ու խորոտ տղի սիրտն էլ՝ դող լիներ,
Սպասե՜ր ու սպասե՜ր, աչքը ջուր կտրեր,
Թե որ մոտը գար, իր յա՜րը լիներ։

Հե՜յ, ջահել աղջի՜կ ու ջահե՜լ տղա…
Լեռան լանջերին հարսի պար բռնեին,
Հայո՜ց լեռներում հարսանիք անեին,
Էն սիրահարի սիրտն էլ՝ ծով անեին։

Թող կարմիր գինին անպակաս լիներ,
Սեղանն էլ առա՜տ ու լիքը լիներ,
Երանի՜ հոգիս անհասցե լիներ,
Բայց սրտիս հասցեն՝ Հայաստա՜ն լիներ։

ԱՐևԻ ԱՂՋԻԿ ԲԻԱՅՆԱ

Նկարը՝ Gev Khurshudyan

Ձեզ նույնպես կարող է դուր գալ