Ճանաչիր Ինձ – Արեն Ավետիսյան

Ես Արեն Ավետիսյանն եմ 21 տարեկան: Սովորում եմ Երևանի Պետական Համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետի 3-րդ կուրսում, մասնագիտությամբ՝ ծրագրավորող: Աշխատում եմ ռուսական «ColdFilm» ընկերությունում որպես հնչյունավորող:

2013թ-ից զբաղվում եմ վիդեոբլոգգինգով և հնչյունավորմամբ: Սկսենք վիդեոբլոգգինգից. Մեկնարկը սկսել եմ դեռ դպրոցական տարիներին ընկերոջս հետ և սկզբում այն ինձ համար պարզապես հոբբի էր: 2 տարվա ընթացքում զարգացնելով ալիքը ձևավորեցինք փոքրիկ լսարան և ժամանակի հետ հասկացա, որ այդ ամենը ավելին է քան հոբբին և, որ ես կարող եմ մեդիա հարթակից ինձ հուզող հարցերով կիսվել մարդկանց հետ, քննարկել և լսել նրանց պատասխան արձագանքները: 2016-2018թթ. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու պատճառով 2 տարի ալիքով չեմ զբաղվել, սակայն վերադառնալուն պես էլ ավելի եռանդով շարունակեցի գործունեությունս և 1 տարվա ընթացքում լսարանս քառապատկեցի: Ինչպես նաև մասնակցեցի «Ես եմ մեդիան» ծրագրին, որը էլ ավելի ամրապնդեց իմ գիտելիքները այս ասպարեզում:

Ալիքը ունի 2 ուղղվածություն՝ քննադատական և ժամանացային: Քննադատական ճյուղում անդրադառնում ենք հայկական արտադրության անորակ «խոտան» սերիալներին/ֆիլմերին/հաղորդումներին և ցանկանում լսարանին տեղ հասցնել այն միտքը, որ ժամանակն է վերջ դնել տարիներ շարունակ մեզ մատուցվող, իմաստ չկրող ֆիլմարտադրությանը և ստանալ որակ, որը հետզհետե կզարգացնի այդ ճյուղը Հայաստանում: Իհարկե մասնագիտությամբ կինոքննադատ չեմ, սակայն ունեմ դրա շուրջ ձևավորած գիտելիքներ, կինոման եմ և այդ ամենն է ինձ դրդել սկսել զբաղվել բլոգգինգով:

Ժամանցային ուղղվածությունը ավելի շատ ինտելեկտուալ խաղերի վրա է հիմնված, որը զարգացրել ենք վերջերս: Հնչյունավորումով սկսել եմ զբաղվել բլոգգինգին զուգահեռ: Պատմությունը սկսվել է նրանից, որ ես փոքր տարիքում ահավոր շատ էի սիրում «անիմեներ» և դիտում էի ռուսերեն հնչյունավորմամբ: Մի օր էլ որոշեցի ինքս փորձել ունենալով ընդամենը ականջակալներ և նրան փակցված էժանագին խոսափող: Երկար տանջանքներից հետո ես ձեռք բերեցի ստուդիային համապատասխան տեխնիկա և բարելավվեցի հնչյունավորման որակը:

3 տարի շարունակ զբաղվել եմ սիրողական մակարդակով և արել ինքս ինձ համար, սակայն ի զարմանս ինձ, բանակից վերադառնալուց հետո ռուսական հայտնի «ColdFilm» ընկերությունը նկատել էր իմ գործերից մեկը և հրավիրել իրենց մոտ աշխատանքի, որտեղ և աշխատում եմ մինչ օրս: Ցավոք սրտի այժմ չեմ զբաղվում և աշխատում իմ բուն մասնագիտությամբ, բայց միգուցե այդ օրն էլ գա…))


Իրականում ձևավորածս մասնագիտությունները, եթե իհարկե կարելի է այդպես անվանել, միանգամից զարգացնում եմ մի քանի ճյուղ. Բլոգգինգը՝ մոնտաժ, սցենար, օպերատորություն, Հնչյունավորումը՝ ազատ խոսք, մարդկանց հետ անմիջական շփում և այլն, որի համար շատ ուրախ եմ:

 

Հետևեք ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ