Արա Նախշքարյան – «Արարում»

Երբ քեզ սիրեցի, դեռ արեւ չկար,
Դու էիր հոգուս Արեւը միակ:
Երբ քեզ գրկեցի, դեռ լուսին չկար
Աստղերը չկային, դու էիր գրկիս մեջ…
Եվ սեր եւ տենչանք…
Երբ համբուրեցի շուրթերդ վառման,
Ադամն ու Եվան Դրախտում չկային,
Մենք էինք Դրախտում, ու երկնքի տակ,
Սիրո բարեպաշտ սրբերի նման:
Ոչ ե՛ս, ո՛չ էլ դու…
Չկերանք մեղքի պտուղն անիրավ,
Ապրել ուզեցինք, սիրով արբենալ…
Իրարից կարոտ չուզեցինք մնալ…
Երբ որ աշխարհում դեռ ոչինչ չկար,
Քեզ ամուր առա գրկիս մեջ շիդար¹,
Հոգուս սեղմեցի, որ կրակ դառնամ
Հուր դառնամ, այրվեմ, պարպեմ, վերջանամ…
Երբ, որ աշխարհում դեռ ՍԵՐԸ չկար,
Ես քեզ սիրեցի արեգնավառ,
…Սրտի թրթիռով…
Հոգուս մեջ ծնված սիրո ապրումով
Ու քեզ ապրեցի անավարտ սիրով…
Դու իմ լույս աղջիկ, տաճարի իմ դուռ,
Երկրային կյանքիս սիրառատ համբույր,
Իմ Աստծո պարգեւ, Հավատի իմ հույս,
Ես սիրում եմ քեզ, աղջիկ ծովալույս:
Երբ քեզ սիրեցի, դեռ աստված չկար,
Դեռ լույսը չկար, այն օձը չկար,
Ես էի, ու դու էիր խավարի մեջ լույս,
Ու լույսի մեջ Սեր…
Երբ քեզ սիրեցի, դեռ սերը չկար…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ