Արամ Սարգսյան – «Նա» (Մաս 1)

Երբեմն կան մարդիկ, ում մասին խոսելն այնքան դժվար է, քանի որ միաժամանակ կա շատ ասելիք, որն ուզում ես բառ առ բառ փոխանցել, հայտնել նրան, բայց մեկ էլ ուզում ես պարզապես ջերմորեն գրկել, սեղմել դեպի քեզ ու լուռ վայելել նրա ներկայությունը: Նա հեշտ բնավորություն չունի, անցած ուղին էլ դժվար է, բայց պարադոքսալ կերպով նրա հետ այնքան հեշտ է և այնքան հանգիստ, կարծես մի ամբողջ բնություն լինի, նա բնության պես օժտված է ամեն անհրաժեշտ հատկանիշներով, կարծես չունի ոչ մի ավելորդ տարր, իսկ, եթե ինչ-որ բան էլ նկատում ես, միգուցե ինչ-որ բան այն չէ, այդ քո անկատարությունն է , որ ի վիճակի չէ հասկանալ բնության այդ հրաշքը: Նրա ուրախանալու ընդունակությունը և մանկական հրճվանքը, որ կարող է ունենալ այնպիսի երևույթներից, որոնք դու կարող ես նույնիսկ չնկատել, կարծես հերթական անգամ գալիս է ապացուցելու այն փաստը, որ նա այնքան բնական, պարզ, և մաքուր է, ինչպես և մայր բնությունը, որի համար կարևորություն ունեն, ինչպես հսկա կաղնու ծասռը, այնպես էլ կաղնու բնի մեջ տեղ գտած փոքրիկ միջատները: Նրա կենսուրախ էությունը երբեք քեզ հնարավորություն չի տա մտածել ու գիտակցել այն դժվար ճամփան, որ նա ունեցել է, երբեմն այնքան բարություն կա նրա մեջ, որ ինձ թվում է, թե սա երազ է ու նա գոյություն չունի, պարզապես կարճատև երազ, որն ուր որ է կանցնի ու ագահորեն վայելում ես այդ ներկայությունը քանի դեռ այն կա: Իսկ նրա արևային էներգիան, որով նա լուսավորում; ու տաքացնում է իր շուրջը գտնվողներին ևս մեկ անգամ ապացուցում են նրա մեջ եղած բնությունը: Անգամ մի փոքրիկ դրվագի հիշատակումն իսկ ապացույց է վերոհիշյալի, հարևանի երեխայի ձայնային նամակն էր՝, «դու լույս ես, արև ես, հենց քեզ տեսա ուտելու եմ»:
Մարդու մի տեսակ, որին կարծես, թե կարող են հոմանիշ լինել մի շարք բարձր արժեքներ, հատկանիշներ որոնք այնքան ես փնտրել եմ շատերի մեջ, բայց գրեթե չեմ գտել: Զարմանալի է ուղղակի տեսնել ու զգալ այն, թե ինչպես նա կարող է պայքարել մեկի համար ում համարում է իրենը: Իմը ասելով եկեք չհասկանանք սեփականության զգացումը, այս դեպքում ի նկատի ունեմ մարդ, ում նա համարում է իրեն հարազատ հոգով, ում կարող է նա սիրել և ում համար կարող է աշխարհը շուռ տալ անգամ իսկ, այո աշխարհը շուռ տալ, թող բարձրագոչ չհնչի ասվածը: Լինելով լեռնեցու ժառանք, նա իր մեջ կրում է լեռնեցուն բնորոշ յուրատեսկ համառություն, ուժ, նպատակասլացություն, իր ուզածին հասնելու համար:
Երբեմն մտածելով նրա հոգեկերտվածքի մասին, փորձում էի ինքս ինձ համար վերլուծել, հասկանալ այդ կատարելության գաղտնիքը: Շատ հետաքրքիր բաղադրիչ էր այն, որ մեր սկզբնական զրույցների ժամանակ, նա հաճախ խոսում էր իր լռությամբ, քան բառերով, դրանով ես նրան կրկին նմանեցնում էի մայր բնությանը: Ինչպես բնությունը, նա էլ ժամանակ առ ժամանակ իր ասելիքը կարող է ասել ինչ-որ գործողությամբ, որով կարող է ասել շատ ավելին, քան ես երկու ժամ խոսելու ընթացքում, իսկ ես հավատացեք ունենալով բավականին հարուստ բառապաշար շատ հարուստ տեղեկություն կարող եմ հաղորդել

Երեկոյան զբոսանքը նրա հետ միշտ նման էր լինում ինչ-որ դրվագի, որը կարծես վերցված լիներ հոլիվուդյան ֆիլմից: Սիրահարված լինելով, նա այդ րոպեներին մի տեսակ կերպարանափոխվում էր, ինչպես մոխրոտիկը կախարդական փայտիկի ազդեցությամբ, բայց նա առօրյայում էլ մոխրոտ չէր, պարզապես իր սիրելիի հետ գտնվելու ժամանակահատվածը, յուրատեսակ նոր շունչ, նոր տեսք, նոր փայլ էր հաղորդում նրան, որը նրա ներքին հզոր էներգիայի, ուժեղ զգացմունքի արտահայտումն էր: Ես ամեն քայլս կատարելիս շատ դժվարությամբ էի նրանից աչքս կտրում, ուզում էի խլել այդ էներգիան, տեսնել նրա գեղեցկությունը, զգալ նրա ներկայությունը ու ապրել նրանով: Մեր զբոսանքների ժամանակ վերացարկվում էինք աշխարհից, ինչ-որ տեղ ձուլվում բնությանը, մեզ կարող էինք թույլ տալ բազմաթիվ խելառություններ, որոնք երկուսիս էլ մեծ հրճվանք էին պարգևում: Ինչ հաճելի էր, երբ նա գրկում էր ինձ, ամուր սեղմելով իրեն կարծես դարձնելով իր անբաժան մի մասնիկը, որը երբեք էլ չէր ուզենա բաժանվել նրանից: Ես պաշտում էի, երբ նա իմ շալակն էր ելնում ու վազվզում էի մթության մեջ՝ հույս ունենալով, որ ոտքս քարին չի առնի ու մենք երկուսով ջարդուխուրդ չենք լինի: Չնայած եթե ջարդուխուրդ էլ անգամ լինեինք, դա ոչինչ չէր փոխի, կլիներ մեր փոքրիկ զվարճանքներից մեկը, անգամ այդ պարագայում, որ հետևանքները կարող էին լինել ցավոտ, իսկ մենք պարզապես մի լավ կծիծաղեինք, ժամանակի հետ մոռացության կտայինք եղելությունը: Իսկ չարաճճիություններ մենք մեզ թույլ էինք տալիս, չեմ կարող չհիշել այն օրը, երբ մենք բաց թողնելով գրեթե ամբողջ օրը, միայն գիշերով որոշեցինք ճամփա ընկնել դեպի մոտակա լեռը, որին տեղացիներն Արջասար են անվանում: Ես կյանքում հանդիպած չկայի մի աղջկա, ով նման համարձակություն կդրսևորեր լեռ բարձրանալու գիշերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լեռներում մեզ կարող էին <<ջերմորեն>> դիմավորել անտառի <<բնակիչները>>: Սկսելով ճանապարհը դեպի Արջասար, մեզ մոտ մեծ ոգևորվածություն էր տիրում, նույնիսկ հաշվի չէինք առնում այն հանգամանքը, որ համապատասխան զգեստավորում իսկ չունեինք/ի նկատի ունեմ հանդերձանք լեռ բարձրանալու համար/ և ասեմ ավելի մենք առաջին անգամն էինք այդ լեռը բարձրանում և մեր միակ օգնականն էր նրա հեռախոսի հավելվածներից մեկը, որին գումարվում էր մեր վստահությունն ու համառությունը: Հասնելով անտառին և մուտք գործելով արդեն մութ ծառերով փակված տարածք, որտեղ ճանապարհը դժվար տեսանելի էր, մենք բռնեցինք չորացած առվակի փոքրիկ հունը ու սկսեցինք վերև բարձրանալ: Չնայած շուրջբոլորը տիրող խավարին ու անտառի տարբեր կողմերից լսվող տարօրինակ ձայներին մենք, բայց առավելապես նա, համառորեն առաջ էինք շարժվում, վայրկյան անգամ կասկած չունենալով, որ մենք հասնելու ենք նպատակին: Նույնիսկ մի պահ ես փորձեցի նրան առաջարկել, որ գուցե պետք է հետ գնանք, նա շուռ եկավ դեպի ինձ ու աչքերիս մեջ նայելով կտրականապես մերժեց առաջարկս, բացի այդ նշելով, թե ինչ վախենալու տեսք ունեն աչքերս և մենք շարունակեցինք մեր վերելքը դեպի գագաթ: Հաղթահարելով արգելքներ, որոնք առկա էին անտառամիջի ճանապարհին, մենք ի վերջո դժվարությամբ, սակայն հասնք գագաթին: Գագաթին հասնելուց հետո ես նրան ամուր գրկեց ու համբուրեցի, աննկարագրելի մի զգացողություն էր, լեռնային բարձունքին զգալ նրան քո գրկում ու պարզապես հիանալ պահի գեղեցկությամբ: Այդ ժամանակ ես ունեի միայն մի ցանկություն, ինչպես Ջիմ Կռոչենի երգում՝ <<կուզեի ժամանակը կանգնեցնել, հավաքել այն, պահել ինչ-որ շշի մեջ, որ հետո այն նորից նրա հետ անցկացնեմ>>: Մենք շատ երկար ժամանակ չմնացինք գագաիթին, քանի որ առանց այդ էլ արդեն իսկ գիշեր էր, իսկ մեզ անհրաժեշտ էր վերադառնալ մեր տեղակայման վայր: Մենք բռնեցինք ետդարձի ճամփան, սակայն փորձում էինք ավելի հեշտ ճանապարհով մեր վերադարձը իրականացնել, բայց մի խոստովանություն պիտի անեմ, չնայած տարիների փորձառությանը, իմ մեջ վախ կար, որ հնարավոր է ինչ-որ բան պատահի, որովհետև ոչ այնքան հեռվում լսվում էին կենդանիների ձայներ: Իսկ այդ ժամանակ պետք էր տեսնել նրա անվախ տեսքը, որ կարծես խուլ էր այդ ձայների հանդեպ և ճամփորդական փայտը ձեռքում բռնած համարձակորեն առաջ էր քայլում, ի վերջո որոշակի տարածություն անցնելով մենք դուրս եկանք արահետի վրա, որ կարծես ավելի հեշտ տարբերակ էր վերադարձի, քան բարձրանալու ճանապարհը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ