Բռնիր ինձ, որ մութ խավարում
Չկորեմ անհետ,
Որ քո սիրուց զատված այս աշխարհում,
Չդառնամ աղետ:

Իմ սերը ծնվեց փողոցում` սիրուն մայթերի սառը քարերի վրա։ Ծնվեց մի կանգառում, որին , ավտոբուսի գալու պես, հրաժեշտ պիտի տամ։ Սպասում եմ չուզենալով, չեմ ուզում կտրվել իմ երկար սպասված սիրուց։ Սերս այլ կերպ էի պատկերացնում։ Բայց այլ կերպ եղավ։ Երբեք չէի մտածի, որ դրսում սառելը կնախընտրեի ավտոբուսի մեջ նստելուց, չէի մտածի, որ տանը նստած տաք թեյ խմելը կփոխարինեի դրսի սառը սուրճերի հետ։ Իմ սերը փողոցում որոշվեց` պատահական։ Երևի աշխարհի ամենասիրուն սերն էր դա։ Չեմ գովի, բայց ո՞վ կդիմեր նման քայլերի, որոնց որ ես եմ դիմել։ Սիրուն էր սերս, բայց փողոցում էր ծնվել, ուրեմն պիտի փչանար… Ավտոբուսի գալուն պես կրկին անգամ հրաժեշտ տվեցի։ Վաղը էլի էինք տեսնվելու։ Առավոտյան 7:40 ավտոբուսը հենց այս կանգառում է լինում, իսկ ես միշտ 7:00-ից գալիս ու սառում էի նրա հետ։ Ինչ խոսք հիմար էի։ Երիտասարդ հիմար, ով սիրուց խելքը կորցրել էր։ Ամեն ինչ պատրաստ էի անել նրա հետ 10 րոպե ավել մնալու համար։ Սիրահարվել էի, ու մտածում էի եթե նրան ունեմ, ուրեմն ոչինչ էլ ինձ պետք չէ։ Ասում եմ` հիմար էի։ Նրա հետ երկար-երկար նստում էինք կանգառում ու սպասում ավտոբուսին, կամ էլ չէինք սպասում։ Չգիտեմ, նա սիրում էր ինձ թե ոչ, բայց նրա հանդեպ իմ զգացածը այլ էր։ Սեր չեմ համարի, իսկ եթե համարեմ , ուրեմն իսկական չէր։ Սիրում եմ զգացածիս փողոցային սեր անվանումը տալ` նրան բնորոշ անուն էր։ Սերս դրսում էր ծնվել, ու այդ կանգառում էր մեռնելու էր։ Մի օր, սովորականի պես 7:00-ին եկա կանգառ։ Դատարկ էր։ Չկար նա։ Մի պահ մռայլվեցի։ Թվաց, թե ամբողջ աշխարհը չքացավ աչքերիս առաջ։ Բայց շուտով սթափվեցի։ Զանգում էի նրան, բայց չէր պատասխանում։ Ձև արեցի, թե մեկ է իմ համար, ու նստեցի ավտոբուսը։ Ամբողջ օրը ցրված էի։ Ուզում էի ինձ համոզել, որ նրա մասին չեմ մտածում , բայց զուր։ Եթե մինչև այս կասկածում էի սիրուս վրա, ու մտածում էի փողոցային զգացմունք է, հիմա հաստատվեցի, որ սեր է։ Տեղս չէի գտնում։ Գնացի կանգառ։ Ու տեսածս երևի մեռնելուց ավելի վատ էր։ Մեկ ուրիշի հետ նստած մեր սիրելի սառը սուրճն էր վայելում։ Սիրտս էլ այդ սուրճի պես սառեց։ Մտածեցի` մոտենամ, բայց փոշմանեցի։ Լուռ հեռացա։ Այդ օրից 10 տարի է անցել։ Երկար եւ մռայլ տարիներ, որոնց ընթացքում ես էլ չսիրեցի։ Ամեն օրս սկսվում էր այդ կանգառից , ավարտվում էր սառը սուրճի հետ։ Չէի մոռացել ։ Չգիտեմ էլ թե նա ու՞ր է հիմա, կա թե՞… Բայց մի բան գիտեմ, նա հոգեպես իմ ներսում է ապրում , նա իմն է։ Իմ սերն է, որի անունը ես չեմ փոխել։ Իմ փողոցային սիրուն սերն էր, որը ես երբեք չեմ մոռանա։ Ես գիտեմ, որ ինձնից հետո հա հազարների հետ է այդ սուրճը խմել, բայց մեկ է , ինձ համար նա դարձել էր ամենամաքուրը մաքուրներից։ Նա իմ ամեն ինչն էր, որը, ցավոք, չկա արդեն։ Ես էլ չեմ սիրի։ Գիտեմ, որ նրա նման շատերը կան փողոցներում , բայց նրանից երկրորդը հաստատ չեմ գտնի։ Իմ միակն էր նա, միակը, ով ստիպել էր իմ նման սառը մարդուն ջերմանալ, սիրել էր սովորեցրել, ու վատ ուսուցչի նման իր սովորացրածը մեկ օրում ջուրը գցեց։ Կիսով չափ ատում եմ նրան։ Կիսով չափ էլ գժվում նրա համար ։ Ամեն օր քնելուց առաջ պատկերացնում եմ , որ հաջորդ առավոտ նրան կտեսնեմ։ Բայց էլի խաբում եմ ինձ։ Նա չկա, ու չի էլ լինի։ Ու չի էլ եղել երևի։ Նա այն մեկն էր միլիոնից , ով իմ սառած սրտին սեր տվեց։ Հիմա դրսում քայլելիս , մայթերի վրա սերեր եմ փնտրում , որ հավաքեմ բուռս , լցնեմ սուրճի մեջ եւ նրա համը զգամ։ Զգամ ու քարանամ, ինչպես ամեն անգամ քարանում էի, երբ նա դիպչում էր ինձ։ Իմ փողոցային սերն էր, որը կյանքիս մութ ձմեռը լուսավոր գարուն էր դարձնում։ Իմն էր, և թքած, որ փողոցում եմ միայն սիրել նրան։ Նա հիմա էլ իմն է, ու միշտ իմ սրտում է լինելու` որպես մաքուր կյանքիս առաջին սեր։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ