Արագած (Ապարանի շրջան)

Արագած գյուղը գտնվում է Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում՝Ապարան քաղաքից 10 կիլոմետր հարավ,Արագած լեռան արևելյան ստորոտին,Գեղարոտ գետակի ափին։Հեռավորությունը մարզկենտրոնից՝16 կմ հյուսիս-արևմուտք,բարձրությունը ծովի մակարդակից՝1980 մ։Հիմնադրման պահին գյուղը կոչվել է Ջամուշլու,որը հայերենով կոչվում է «Գոմշանոց»,այնուհետև 1840թ.-ից բնակավայրը անվանվել է Ղազնաֆար:Ղազնաֆարից Արագած է վերանվանվել 1948թ. սեպտեմբերի 10-ին,սակայն շատերի մոտ «Ղազնաֆար» անունը դեռ գործածական է:

Պատմություն 

Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ և 1-ին հազարամյակների ամրոց-պահակակետեր,վաղ և ուշ միջնադարյան բնակավայրերի ավերակներ։ 1897 թվականին անվանի հայագետ Գարեգին Ա Հովսեփյանը գյուղում մշո բարբառով գրի է առել «Սասնա ծռեր» էպոսի նոր տարբերակը։Գյուղի ավելի քան 300 որդիներ 1918 թվականի մայիսի 22-ից 29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին(հաջողվել է պարզել 154-ի անունը)։ 300-ից ավելի արագածցիներ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին (զոհվել է 184-ը)։ Երեք տասնյակից ավելի արագածցիներ մասնակցել են Արցախյան պատերազմին։Նրանցից Ռուբեն Շավարշի Հակոբյանը և Գևորգ Հուրմիկի Մանուկյանը զոհվել են ազերիների դեմ մղված մարտերում։130-ից ավել արագածցիներ մասնակցել են նաև Հայրենական պատերազմին,որոնց հիշատակը հավերժացնելու համար Արագած գյուղում տեղադրվել է հուշակոթող:

Բնակչություն

1831 թվականին կազմված «Ապարանի մահալի չափաբերական մատյանի» համաձայն՝ 1828 թվականին լքված գյուղատեղում բնակություն է հաստատել Մանազկերտից և մասամբ Ալաշկերտից գաղթած 64 ընտանիք (221 տղամարդ, 176 կին)։ Ներգաղթյալններն իրենց շարքերից գյուղապետ են ընտրել Խաչատուրի որդի Մելիք Ներսեսին։ 1842-1859 թվականներին գյուղապետի պաշտոնում նրան փոխարինել է եղբայրը՝ Մելիք Գևորգը։ 1845 թվականին գյուղում բնակություն է հաստատել Մուշ քաղաքից գաղթած 7, 1859 թվականին՝ ևս 2 ընտանիք։ 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սրբուհի Աստվածածին։ Գյուղում գործում են երկու դպրոց, հիվանդանոց, դեղատուն, կապի բաժանմունք,հյուրանոց, արվեստի դպրոց`բոլոր ճյուղերով,գրադարան,մշակույթի տուն, ինչպես նաև` ուրախ արարողությունների համար նախատեսված սրահներ,սննդի կետեր:Ըստ 2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝այստեղ բնակչության թիվը կազմում է 3703 մարդ։

Պատմամշակութային կառույցներ,տեսարժան վայրեր

Գյուղում են գտնվում Սբ.Աստվածածին եկեղեցին (1914 թ.), «Կենաց ծառ» մատուռը (17-18դդ.), իսկ 1,2 կմ հյուսիս-արևմուտք՝ «Լուսաղբյուր» մատուռը (19-20դդ.),«Թուխ Մանուկ» եկեղեցին:

 

Այստեղ է գտնվում Գեղարոտի ջրվեժը:Գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք հեռավորությամբ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա:Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա է այս հիասքանչ ջրվեժը: Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին:

 

 

 

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սբ Աստվածածին եկեղեցին 19-20-րդ դարի կառույց է(1914թ.),սակայն երկար տարիներ կիսավեր ու քայքայված է եղել՝խորհրդային տարիներին պահեստի վերածվելու պատճառով:Միայն 2014 թվականին է նորոգվել՝ բարերար Աղվան Կարապետյանի կողմից։ Վերաօծումը կատարեց Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։Գմբեթի խաչը բերվել է Մուշից,որը նույնպես օծվեց:Այժմ այստեղ կատարվում են պատարագներ,արարողություններ:

   Տնտեսություն

Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Հիմնականում անասնապահությամբ և կարտոֆիլի մշակությամբ։Գյուղում նաև զբաղվում են ազնվամորու ակտիվ մշակությամբ և որի համար էլ ամեն տարի ամռանը նշվում է Մալինայի(ազնվամորու) փառատոնը:

Նյութը պատրաստեց Անուշ Մկրտչյանը

Լուսանկարները վերցված են  «Իմ Արագած» ֆեյսբուքյան էջից,որի հղումը`ստորև:

Հղում՝ https://www.facebook.com/pg/aragats4090/photos/?ref=page_internal 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ