
Կարթնանաս ու երազիցդ պոկված մտքերով կկանգնես երկար լվացարանի մոտ` հայելու առաջ։Կզննես երիտասարդ կնճիռներդ ու կմտածես դրանց ծերանալու մասին, մինչդեռ, ապրել է պետք։ Սառը ջուրը ափով երեսիդ կառնես ու թարմությունդ չկորցնելու համար` կշտապես սրճել։ Կպատրաստես քեզ համար էսթետիկ սեղան, դե, ամսագրերով, մակարոններով և այն երազագույն բաժակով կմատուցես սուրճդ։ Հետո կծածկես աթոռի մերկությունը քեզնով,իսկ քեզ կբացես սուրճի բաժակին,որ բոլորովին ականջներ չունի, թեև շատ է լսել լռություններ։ Հայացքդ կսառի, սուրճը կսառի, կսառի էսթետիկը` առավոտի թարմության մեջ,իսկ դու,որ ուզում էիր թարմ մնալ, նորից կճլորես ու կգլորես առավոտը,էսթետիկան,մակարոնները մտքերիդ անդունդը։ Վերջապես մի ումպ կանես սառած սուրճից, կխզբզես ուղեղումդ օրվա քարտեզը ու կգնաս մոլորվելու` երիտասարդ կնճիռներիդ մեջ,մինչդեռ, ապրել է պետք։ Եղած ու չեղած պարտականությունների մեջ մեկ բաժակ թարմություն գտնել և կյանքից կառչել է պետք` այն վեր հանելով քեզ հետ և քո ներսում։ Այլապես դու ստեղծում ես էսթետիկա,որը ապրում է նկարի տեսքով`համացանցերում։ Քո “սեղանին” դրվածը, բացի քեզնից, վայելում են բոլորը։Քո “ունեցածին” երանի են տալիս հազարավոր մարդիկ, ովքեր նույնպես իրենցը թողած, չնկատելով իրականը, գնում են “երազելու” ուրիշինը։ Մինչդեռ ապրել է պետք հենց իրականում։ Այստեղ, այս պահին ու քո ներկայում։