Անուշիկ Թովմասյան – «Արտագաղթ»

Ցանկացած կին մայրանալով երազում է, որ իր բալիկն ապրի և արարի խաղաղ երկրում, բարի երկնքի տակ: Մեծանա բռնությունից ու դաժանությունից հեռու միջավայրում, ճանաչի աշխարհը, որտեղ չկան պատերազմներ, արյունահեղություն, կորուստներ, արցունք ու ցավ, չկա որբություն ու անկարելի իրավիճակ, չնայած այս հայտնի արտահայտությանը՝ «ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի»:
Ես միշտ մի հարց եմ ինձ տվել.

– Ինչու՞ եմ ես ծնվել հենց այնտեղ, որտեղ ծնվել եմ, ինչու՞ չունեցա այլ երկիր, այլ կրոն, այլ կրում եմ հայի աստվածատուր կոդը երակներումս:

Բայց… բայց Արցախյան պատերազմը իմ ճակատագրի վրա անդառնալի հետք թողեց: Միակ որդիս շատ-շատերի նման կամավոր գրվեց և մեկնեց ռազմաճակատ: Ես և հայրը ամեն կերպ փորձում էինք խանգարել, սակայն ապարդյուն…

Սրտի տագնապով սպասում էի, որ ամեն վարկյան կարող է մի վատ լուր գար նրանից: Մեզ համար գիշերը ցերեկ էր դարձել, ցերեկն էլ անվերջ սպսում: Եվ ահա անցած տարիները մնացին ետևում: Ժամանակի հետ ու նրա ուղիներով անցանք մենք` զարմացած լինելով մեր անցած ճանապարհի դժվարություններով: Հիմա, երբ ետ եմ նայում ու մտածում, մի՞թե կյանքի անիվը այսքան արագ գլորվեց ու ետևում մնացին պատերազմական դժվարին տարիները: Ազատություն, որին այսքան սպասում էինք ու ձեռք բերեցինք բազմաթիվ կյանքերի գնով այդպես էլ չզգացի ո՛չ իմ հողում, ո՛չ իմ սրտում: Հայրենիքի  «մի թիզ» հողի համար կռվող հերոս որդիս այժմ օտար հողում է ապրում ու արարում: Շատերի նման նա էլ բռնել է գաղթի ճանապարհը, որպեսզի երեխաները և կինը խեղճ չապրեն: Երբ զավակդ կիսաառողջ օտար հողում «փող է մուրում» էլ ինչ ազատություն, էլ ինչ սուրբ հող ու հայրենիք:  «Խեղճ հայրենիք» փյունիկ ես նման՝ այրվում-այրվում, բայց չես մոխրանում, քո զավակներն այսօր ցիրուցան են ողջ աշխարհում: Այս արտագաղը պատերազմից էլ վատն է, բոլոր պատերազմներն էլ մի օր վերջ են ունենում, իսկ սա անվերջ է: Այս պատերազմում մի ամբողջ ազգ պարտվել է: Բայց… սակայն էլի, իմ կարկատած հույսը, որը ծնվել է կարոտից ու կսկիծից, ամեն բացվող լուսաբացի հետ ինձ գոտեպնդում է հավատով, որ մի օր կտեսնեմ  իրենց տան մեջ անհոգ ու զվարթ թռչկոտող թոռներիս: Ու իրենք կհպարտանան ոչ թե այն պետությունով, որում ապրում են այժմ, այլ այն հայրենիքով, որի համար իրենց հայրն է կռվել ու հաղթել:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ