
Ինձ ասում են բան չի եղել,
Ինձ ասում են խելոք մնա,
Ախր գիժ չե’մ տեսել եմ որ,
Փամփուշտ իջավ հայի վրա։
Երեխա չե’մ մեծ եմ արդեն,
Ինձ մի՛ ասեք խելոք մնա,
Մի՛ համոզեք, որ չլացեմ,
Ճանճ է նստել աչքիս վրա։
Երկու աչքս թո՛ղ քոռանար,
Իմ տեսածը չտեսնեի,
Անկուշտ մահին երանի թե,
Ես իմ կյանքով կշտացնեի։
Ախր գիժ չե՛մ ես տեսել եմ,
Ամայացած մի երկիր,
Բանաստեղծ եմ բայց տեսածիս,
Չեմ ուզում տալ վերնագիր։
Նվագում է դուդուկ քարը,
Ես էլ երգեմ Դլե Յամա՛ն,
Ողջ աշխարհում թո՛ղ տարածվի,
Երկրիս բույրը ողբերգական։
Որ խելոքը գժվի ինձ պես,
Որ գժերը խելոքանան,
Որ աշխարհում անգամ ռուսը,
Երգի ինձ պես Դլե Յամա՛ն։
Ինձ մի՛ ասեք խելոք մնա,
Խելոք մարդուն դա չեն ասի,
Իմ տեսածը ոչ մի քամի,
Իմ հուշերից չի բաժանի։
Թո՛ղ խելոքը գժվի ինձ պես,
Թո՛ղ գժերը խելոքանան,
Թո՛ղ աշխարհում անգամ ռուսը,
Երգի ինձ պես Դլե Յամա՛ն։