
Անի Քարամյան – «Աշո՜ւն»
Աշո՜ւն, այս էլ որերորդ անգամն է դավեր են նյութում, որերորդ անգամն է համոզում են, որ դու իսկապես տխրության ու ամեն ինչ սրբել-տանելու եղանակ ես։
Աշո՜ւն, քանի տարի է խաղաղությանը կարոտ եմ մնում ու պարտվում եմ բոլոր կարոտներիս։
Աշո՜ւն, ես հայրենիքիս գրկել եմ ուզում, ես հողիս վրա ամուր կանգնած լինել եմ ուզում, ես արյուն-արցունք չտեսնել եմ ուզում, ես իմ հայրենիքի անկորուստ ապագան տեսնել եմ ուզում։
Աշո՜ւն, այս էլ քանի տարի է գլուխս կորցնում եմ հայրենի քաղաքներում ու գյուղերում, ինքս ինձ եմ կորցնում պատերազմներում ու մտածում.«երանի՜ երազ լիներ»։
Աշո՜ւն, քեզ չէի ասում, բայց դու այլևս իմ սիրելի եղանակը չես, որովհետև քեզանից քանի տարի է կորուստների բույր եմ առնում. հանկարծ սովորությանդ համաձայն չթախծես։
Աշո՜ւն, դու այլևս իմ եղանակը չես, դու այլևս իմը չես…