
Ողջույն, ես Անի Խաչատրյանն եմ, 23 տարեկան եմ, ծնվել և ապրել եմ Գյումրիում:
ԻՆձ որ հարցնում են երբ եմ ծնվել, ես պատասխանում եմ. «Ծնվել եմ աշնանային այնպիսի մի օր, երբ շուրջբոլորս դեղին էր. ես վարակվեցի այդ գույնով»: Մանկուց երազելով դառնալ նկարիչ, պահեցի երազանքս այնքան ամուր, որ անխախտելիորեն իրականացավ: Փոքր տարիքից նկարում էի ու մոտս լավ էր ստացվում: Արվեստի հետ կապը սերտ է եղել, քանի որ սովորել եմ նաև դաշնամուր նվագել, երբ դեռ 7 տարեկան էի: Երաժշտական դպրոց հաճախելը ինձ շատ է օգնել որպես մարդ ձևավորվելու գործում՝ գիտակցական տարիքում ես հասկանում դա: Երեխա հասակում միայն դժգոհում էի ու լացով գնում երաժշտական դպրոց:
Քաղաքում ինձ, դեռևս 5 տարի առաջ գիտեին որպես ծաղրանկարիչ, ով բոլորին նկարում էր: Սակայն ավելի շատ նկարում էի Գյումրու դրամատիկական թատրոնի դերասաններին, ինչի շնորհիվ ինձ ավելի արագ ճանաչեցին որպես ծաղրանկարիչ։ Ավելի մտերիմների շրջապատում որպես Մուլտիկ Անի, Դեղին Անի, հեքիաթ Անի, Արև ԱՆի, թատրոնում՝ իմ առաջին բեմանկարչական աշխատանքից հետո, որպես Բուրատինոյի նկարիչ, իսկ այժմ երկնագույն հեծանիվով նկարիչն, ով միշտ թղթերով ու ուսապարկով այս ու այն կողմ է վազվզում:
Ես կարծում եմ, որ ապրում եմ նախանձելի մի քաղաքում, որտեղ ամեն ինչն ունի բույր ու գույն: Այստեղ այնքան հեքիաթ կա. պարզապես նկատել է պետք: Գյումրին միշտ է ինձ ոգեշնչել ու ես իմ քաղաքի փողոցներն անցել ու ուսումնասիրել եմ գծա ու գունանկարելով ամեն մի քարը: Այն մի բուռ քաղաք է՝ համեմված մեծ պատմություններով: Եթե հնարավոր լիներ, մեր հասարակության կենսամակարդակն ու կարծրացած մտածելակերպը կփոխեի, որ սկսեին սիրել այն տեղը, որտեղ ապրում են:
Սովորել եմ Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկա բաժնում: Այժմ աշխատում եմ Կազա շվեյցարական-մարդասիրական հիմնադրամում որպես ստեղծագործական խմբակի պատասխանատու, դրան զուգահեռ ինձ մի երկու ամսով փորձեցի դրսևորել դասախոսի դերում քոլեջում, իսկ ընդհանրապես իմ զբաղվածությունը խենթ նկարչականն է: Համավարակի պատճառով շատ բան կիսատ մնաց: Կային Գերմանիա մեկնելու հետ կապվված ծրագրեր, որոնք մնացին անորոշ հետոյի: Ընթացքում, որպես ստեղծագործող, սկսեցի կտավներ նկարել, նոր տեսակի գրքեր պատրաստել ու շատ գրել:
Ինչքան էլ զարմանալի թվա, այնքան էլ չեմ սիրում ցուցահանդեսների մասնակցել, հատկապես մեր քաղաքում, երբ պարբերաբար նույն մարդիկ են այցելում՝ անգիր իմանալով բոլոր ստեղծագործողներիս:
Հեքիաթը, որի հերոսն էր Լուպին, գրել եմ դեռահասության շրջանում, երբ ինքնամփոփ էի ու չէի կարողանում ձուլվել հասարակությանը: Այդպիսով իմ կերպարը թաքցնելով Լուպիի առանցքում, գրեցի ու նկարեցի այն: Երբ ընկերուհիս կարդաց, ասաց որ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանին» է նման. ես գաղափար անգամ չունեի, թե ինչի մասին է դա: Լուպին իմ հորինած կերպարն է, որ եկել էր այլ մոլորակից: Նա եկել էր բացահայտելու երկիր մոլորակն ու ընկերանալու մարդկանց հետ: Սակայն մարդիկ նրան հալածեցին ու ուղարկեցին հետ՝ իր մոլորակ: Իսկ Լուպին մտավ իր տնակն ու այլևս դուրս չեկավ այնտեղից: Հետո հասկացա փոքրիկիշխանյան նմանությունն ու պաշտեցի այդ գործը:
Լուպի անվանմամբ իմ ձեռագործ աշխատանքների էջը բացեցի. նշեմ որ իմ հերոսը արևի հետ էր ընկերություն անում, այդ երևում է նաև Լուպիի տարբերանշանում։
Նկարչությունն, իսկապես Աստծո տված մեծ շնորհ է, որի համար ամեն օր պետք է շնորհակալ լինես: Որովհետև այս խուճուճ կյանքում դա միակ աշխարհն է, որտեղ ես գտնում եմ ինձ ու ամեն ինչի իմաստը: Շատ առիթներով ասել եմ ու դա բացարձակ ճշմարտություն է. « Նկարիչն հրաշագործ է, վրձինն էլ կախարդական փայտիկ»: Անբացատրելի զգացողություններ ես ապրում, երբ դատարկ մակերևույթը լցվում է քո հոգու պարունակությամբ, գծերով, երանգներով: Ապրելակերպ, կյանքի իմաստ. ես չգիտեմ մի բան այս աշխարհում, որ նկարելուց շատ սիրեմ:
Իմ մեծագույն երազանքներից մեկն էր հեռավոր, սահմանամերձ գյուղում դասավանդելը: Այն իրականացավ մեծ ջանքերի շնորհիվ, այդ ժամանակ էլ հասկացա, որ ամուր երազանքն իրականանում է: Մեծահասակները միշտ ասում են, որ երազանքը նպատակ է դառնում և այլն, սակայն ես չեմ դադարում երազել: Դա ապրեցնող գործոն է, այնքան գունաշատ, որտեղ պետք է խեղդվես քո իսկ առանցքում: Եթե աննյութական երազներիցս անցում կատարեմ նպատակներին, ապա կասեմ, որ սպասում եմ դեպի Գերմանիա ուղևորվելուս ու այնտեղ նոր կյանք սկսելուն: Բայց ես երկիրս չեմ լքում, պարզապես որպես արվեստագետ փորձում եմ բացահայտել այն մոլորակը, որի վրա ապրում եմ: Իսկ իմ անձնական մոլորակը կմնա աներևույթ երազներում: