Անի Աթյան – «Գլուխլվա»

Գլուխս ուզում եմ լվալ,
բայց ներսից…
Որ աչք բացելը նորից սովորեմ։
Որ աչք բացելիս մորս սովորեմ
արդեն դրսից…

Գլուխս ուզում եմ լվալ
կպչուն մտքերից։
Որ հոգսս միայն զբաղված լինի
տոնածառը հավաքելու
ամսաթվի որոշմամբ։

Գլուխս ուզում եմ լվալ։
Խնկաբույրով։
Եկեղեցում խոստացված,
բայց,մեկ է,
չգնված,
չվառած,
չվառված
մոմերի ճտճտան հոտով։

Գլուխս մաքրել եմ ուզում
չորս կյանք տևող
վերջին չորս՝
իրարամերժ ամիսների
դողէրոցք հիշողությունից։

Գլուխս լվալ եմ ուզում։
Թանաքից,
վրձնից,
փողոցներում թափառող
փոշուց ու կեղտից։
Որ աչք փակելուց
կոպերիս տակ ծվարեն
միայն ամպոտ բառերդ,
այլ ոչ թե արցունքներն աշնան
անձրևի, արյան
կաթիլի նման։

Գլուխս մաքրել եմ ուզում
երակիցս կաթիլայինով։
Թող արյունս ու ավիշս
ձուլվեն,
հյուլվեն,
արբեն գինով։

Գլուխս ուզում եմ լվալ։
Ամենաներսից։
Քանզի իմ կողմ նայելիս
դու ի՛նձ չես տեսնում,
այլ միայն այն,
ինչ քոնն է իմ մեջ։

Գլուխս ուզում եմ լվալ:
Ամբողջ խորքերով։
Եվ սա ամենևին փոխաբերություն չէ,
այլ կենսական անհրաժեշտություն։

Ա. Ա. Ա՜

Ձեզ նույնպես կարող է դուր գալ