Ինձ մոտիվացնում է վախը / Անաստասիա Հարությունյան

Զրուցակիցս դիմահարդար, ոճաբան Անաստասիա Հարությունյանն է:
1.Ինչու՞ եք ընտրել հենց այդ մասնագիտությունը:
Ես սիրում եմ գեղեցկացնել մարդկանց՝ նրանց համար ընտրելով այն ամենը, ինչը կշտկի իրենց թերությունները և կընդգծի առավելությունները: Ես միայն դրականով եմ լցվում, երբ տեսնում եմ ինքնավստահ, երջանիկ աչքերով մարդկանց:
2.Ձեր մասնագիտական ուղղվածություններից ո՞րն է առավել հարազատ:
Առավել հարազատը դիմահարդարումն է, սիրում եմ դեկորատիվ կոսմետիկայի օգնությամբ ստեղծել նորը, գեղեցիկը, տարբերվողը:Այնքան եմ սիրում դիմահարդարումը, որ մյուս ուղղություններով մտածելը դարձել է երկրորդական:
3.Եկեք խոսենք գույներից, ըստ Ձեզ ո՞ր գույներն են միշտ արդիական:
Անկախ նորաձևության միտումներից, կան գույներ, որոնք միշտ արդիական են:Դրանք կապույտ և վարդագույն, սև ու կորալ, ծովային կապույտ և դեղին, սալորագույն և բեժ, շագանակագույն և փիրուզ գույների համադրութուններն են:
4.Կա՞ն այնպիսի սխալներ, որ թույլ են տալիս մեր երիտասարդ աղջիկները և որո՞նք են դրանք:
Հաճախ հանդիպողներից տոնային կրեմի չարաշահումն է, որով աղջիկները ստեղծում են դիմակի էֆեկտ, ինչն էլ խանգարում է մաշկի շնչելուն: Պարզապես պետք է հիշել՝ շատ դեռ չի նշանակում գեղեցիկ:
5.Ասում են՝ մարդը սովորում է սեփական սխալների վրա, կարելի՞ է նույնն ասել դիմահարդարման պարագայում:
Իհարկե, սխալներն անխուսափելի են: Իմ ձեռքբերումներում մեծ նշանակություն են ունեցել սեփական սխալներս: Ես կարծում եմ, որ հաջողակ մարդկանց այդպիսին են դարձնում իրենց սխալները:
6.Ո՞րն է մոտիվացիայի Ձեր աղբյուրը:
Ինձ մոտիվացնում է վախը: Ես միշտ ընտրում էի այն ամենը, ինչ ինձ մոտ վախ էր առաջացնում: Վախ, որ հնարավոր է ինձ մոտ ինչ- որ բան չստացվի:
7.Ի՞նչ կասեք վառ դիմահարդարման մասին:
Պետք է նշեմ, որ վառ դիմահարդարումը չի կարող համապատասխանել բոլորին: Այստեղ կարևոր նախապայման է մաշկի գույնը, աչքերի գույնը, դիմագծերը: Պարզապես ճիշտ ընտրության համար պետք է դիմել մասնագետի:
8.Փորձեք բնութագրել Ձեր մասնագիտությունը:
Ոճաբանը օգնում է մարդկանց գտնել սեփական ոճը: Այս մասնագիտությունը ի հայտ է եկել մոդայի հետ համընթաց: Այս ամենից զատ ոճաբանը պետք է ունենա նաև հոգեբանական մոտեցում: Շատ հաճախորդներ այցելում են գեղեցկության սրահ նաև հոգեբանական աջակցության համար:
9. Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ աղջիկներին։
Եթե ինչ-որ բան չի ստացվում պետք չէ հիասթափվել: Մի լսեք այն մարդկանց ովքեր Ձեզ կասեն, թե ոչինչ չի ստացվի: Ամեն օր կատարելագործվեք: Միշտ քայլեք առաջ:
10.Հատկապես ինչի՞ց է պետք խուսափել:
Խուսափեք օգտագործել կեղտոտ վրձիններ, որքան էլ դրանք պրոֆեսիոնալ լինեն, կեղտոտ լինելու պատճառով չեք հասնի գեղեցիկ արդյունքի: Ցավոք շատ եմ նկատում այս սխալը և դա ինձ շատ է մտահոգում: Հիշեք, որ վրձինները ձեր ձեռքերի շարունակությունն են:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ