
ես տեղով խառնաշփոթ եմ
երբեմն փորձում եմ դասավորել ինձ,
ծալել, դարսել կյանքի պահարանում,
հետո տանտիկնոջ կոկետությամբ հիանալ,
սպասել,
որ մեկը կգա՝
ինձնից ավելի կոկետը,
ձեռքերը կխաչի, վերից վար կնայի ինձ
ու կասի, որ ես «լավն» եմ։
ես կդասավորեմ ինձ, մեկ-մեկ կսրբեմ փոշիները,
ու էդպես էլ մարդիկ կբերեն խոշորացույցը,
կսահեն իմ ուրվագծի վրայով սպիտակ պահարանում
ու հիացած կասեն, որ
«ես լավն եմ»
ինձ ցույց կտան հազար ու մի ծալվելու ձև,
դարակում հասարակից թանկի տեսք ստանալու,
զարդարվելու ու կյանքին հաճոյանալու
հարյուր տարբերակ կտան,
ես գլխով կանեմ
ու մի օր
խոստանում եմ պահարանս կդառնա կանաչ,
ինձ թույլ կտամ անկանոն դարակներ դառնալ,
թափթփված ընկնել կյանքի մեջ
ու ապրել,
որովհետև երբ ու որտեղ հանդիպում եմ ինձ
երազում եմ լինել արևից խանձված կանաչը…
(ու երբեք չգծվածը)