
Եկար ու դարձար թելված ասեղը իմ կյանքի՝որով պիտի կարկատեի բզկտված ու քրքրված հոգուս վերմակը։ Ցուրտ էր,մրսում էր հոգիս,անգամ հնով չուզեցիր կարկատվել, տվեցիր մի մաքուր ու սպիտակ կտոր սրտիցդ, որ նորով ու քեզնով հոգիս կարես։Կարում էիր դանդաղ ու ժպիտով, մատներդ մեկ- մեկ ծակում էիր, բայց դա էլ հոգ չէր,կարևորը կարկատանը ճիշտ ու ուղիղ լիներ։Ավարտին երբ հասար՝ շշնջացիր. -Չեմ պատռվի ես երբեք ու չեմ կեղտոտվի, միշտ կմնամ մաքուր,թարմ ու ամբողջական։
Հոգիս այնպես ջերմացավ ու էլ չէր մրսում՝գոհ էր,որ վերջապես գտավ ճիշտ վերմակը իր՝ չափած ու ձևված, կոկիկությամբ իրեն համահունչ,բայց օրերից մի օր՝մաշվեց, հնացավ ու կեղտոտվեց և ինչքան էլ փորձեցի թարմացնել ու նորացնել չեղավ՝ մաշվեց, գնաց, մի լաթի կտոր էլ չմնաց։Հոգիս նորից մերկացավ,բայց էլ չկարկատվեց երբեք ու սովորեց տաքանալ ինքն իրենով՝ երբեք չմաշվող ու չհնացող իր իսկ կտորով։