Ալլա Հարությունյան – «Վայելենք մեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը»

Երկու շաբաթ առաջ այս օրը տանը նստած գծում էի գալիք օրերիս ծրագիրը` րոպե առ րոպե հաշվարկելով յուրաքանչյուր հանդիպում ու դասընթաց, երկու շաբաթ առաջ այս օրը վազում էի մի հանդիպումից մյուսը`օրական 20000-ից ավել քայլ անելով, բայց չզգալով կատարածս քայլերի քանակը, երկու շաբաթ առաջ այս օրը շնչում և արտաշնչում էի`պարզապես գոյությունս պահպանող, մշտական գործողություն կատարելով, երկու շաբաթ առաջ այս օրը փողոցում ընկերներիս պատահաբար հանդիպելիս վստահ էի, որ այս հանդիպումը ոչ մի էական նշանակություն չունի(չէ որ առաջիկայում կան բազում ծրագրեր, որտեղ միասին աշխատելու ենք), երկու շաբաթ առաջ այս օրը ծանր օրվա ավարտին գլուխս բարձին դնելով և բողոքելով, որ չափից դուրս հոգնած եմ, երազում էի մի երկու ազատ օր ունենալ ու տրվել կինոդիտման կամ ընթերցանության և ընդհանրապես տանից դուրս չգալ, երկու շաբաթ առաջ այս օրը պատկերացնել անգամ չէի կարող, որ կդառնամ սեփական մտքերիս գերին և տանս բանտարկյալը, երկու շաբաթ առաջ այս օրը չէի պատկերացնի անգամ, որ կերազեմ խորը շունչ քաշել և զգալ օդի թարմությունն ու մաքրությունը մաշկիս բոլոր ծակոտիներով, ոտքովս հպվել հողին և անգամ կոշիկի բազմաշերտ հաստության ներքո զգալ դրա սնուցող ուժը, քամու մեղմ հպումը, արեգակի ճառագայթի ջերմությունը…Եթե երկու շաբաթ առաջ այս օրը հարցնեիք, ո՞րն է ճիշտ, ապրել այսօրվա օրով, թե այսօրվա օրը նվիրել հաջող վաղվան կպատասխանեի` միանշանակ գործել երկարաժամկետում, Եթե այսօր հարցնեք ինձ նույնը կպատասխանեմ` թողնենք պաթոսը և վայելենք մեզ տրված յուրաքանչյուր վայրկյան այնպես, ասես այն վերջինն է մեր կյանքում..

Հետևեք ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ