
Այսօր աշխարհագրության դասագրքերում, համացանցում, ատլասներում շատ ենք հանդիպում բնական գեղեցիկ հուշարձանների: Ակամայից մեզ մոտ ցանկություն է առաջանում այցելելու և մոտիկից հիանալու բնության կերտած հրաշքներով: Դրանց մեծ մասը Հայաստանից դուրս է: Բայց մեր երկրում էլ կան շատերից «թաքնված» վայրեր, որոնք իրենց գեղեցկությամբ ուղղակի շլացնում են: Մեր նոր` «Ահա Հայաստանը», շարքը միտված է Հայաստանի «թաքնված գանձերը» բացահայտելու: Այսօր խոսելու ենք մեր երկրի գեղատեսիլ ջրվեժներից:
1. Քասախի ջրվեժ
70 մետր բարձրությամբ Քասախի ջրվեժը, տեղակայված Արագածոտնի մարզի Հովհաննավան գյուղում՝ Քասախ գետի վրա, Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Քասախ գետի ակունքները սկսվում են Արագած լեռան բարձունքից և հոսում դեպի Արարատյան դաշտավայր: Քասախի բնության հրաշալիքը իսկապես հոյակապ տեսարան ունի. ջրվեժի շառաչի և փառահեղ Հովհաննավանքի զանգերի ղողանջի համադրությունը իսկապես տպավորիչ է:
2. Ջերմուկի ջրվեժ
Ջերմուկի ջրվեժը (68 մետր) համարվում է Հայաստանում երկրորդ ամենաբարձր ջրվեժը: Ջրվեժը գտնվում է առողջարանային քաղաք Ջերմուկում, որը հայտնի է ոչ միայն իր գեղատեսիլ բնությամբ, այլև ջերմային հանքային բազմաթիվ աղբյուրների առկայությամբ: Հանքային ջուրն ունի հատուկ քիմիական բաղադրություն, բուժիչ պրոֆիլակտիկ հատկություններ:
3. Շաքիի ջրվեժ
Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքում՝ Շաքի գետի վրա: Ժայռի ողջ երկայնքով ձևավորվում են բազմաթիվ գետակներ, որոնց շնորհիվ Շաքիի ջրվեժը ջրի մեծ կասկադով թափվում է ներքև: Շաքիի ջրվեժը բարձրությամբ (18 մետր) մի փոքր զիջում է նախորդներին, սակայն նրա ուժն այնքան մեծ է, որ ջրվեժի մոտ կանգնած մարդկանց ձայնը գրեթե հնարավոր չէ լսել:
4. Թռչկանի ջրվեժ
Թռչկանի ջրվեժը (23 մետր) բնական հուշարձան է, որը գտնվում է Չիչխան գետի վրա՝ Շիրակի և Լոռվա մարզերի սահմանագծում: Այս տարածքի բնությունը հարուստ է հազվագյուտ կենդանիների և բույսերի տեսակներով, որոնցից շատերը գրանցված են Կարմիր գրքում, իսկ Չիչխան գետը լի է կարմրախայտով: Ջրվեժի Թռչկան («Թռիչք») անվանումը կապված է հենց այս ձկների հետ, որոնց կարելի է նկատել ջրվեժի վերնամասում:
5. Չռան ջրվեժ
Սյունիքի մարզի Լծեն գյուղում տեղակայված է Չռան ջրվեժը (30 մետր), որը կտրուկ ժայռից իջնում է ներքև: Չռանի ջրվեժ հասնելը հեշտ գործ չէ, նույնիսկ պրոֆեսիոնալ մարզիկների համար: Այնտեղ կարելի է հասնել միայն լեռնային նեղ ճանապարհով: Այնուամենայնիվ, Դուք գոհ կմնաք, որ այդքան ջանք եք գործադրել, քանի որ ճանապարհի վերջում փառահեղ տեսարանն անկասկած արժանի պարգև կլինի Ձեզ համար:
Տվյալները և նկարները` One way tour