Ըստ ընդհանրացված սահմանման՝ արժույթը թղթադրամների և մետաղադրամների տեսքով հանդես եկող փողն է՝ նախատեսված  ընդհանուր օգտագործման համար, հատկապես արժույթը գործածության մեջ դրած երկրի բնակչության համար:Արժույթի օրինակներ են՝ ռուբլի, դոլար, ֆունտ ստերլինգ, եվրո, կունա, դրամ և այլն:21-րդ դարում արժույթը հանդես է գալիս ոչ միայն թղթադրամների և մետաղադրամների, այլև վիրտուալ կամ թվային արժույթի տեսքով: Թվային արժույթների օրինակ են՝ Bitcoin, Litecoin, Dash և այլն: Սրանք շոշափելի չեն, վաճառվում և պահվում են էլեկտրոնային տեսքով:Ներկայումս շրջանառության մեջ են գտնվում ՄԱԿ-ի կողմից ճանաչված 180 ազգային արժույթներ: 66 երկիր կա՛մ ԱՄՆ դոլարն է օգտագործում որպես արժույթ, կա՛մ իր արժույթը ուղղակիորեն կապում է դոլարին: Երկրներից շատերը թողարկում են իրենց սեփական արժույթները: Օրինակ Շվեյցարիայի պաշտոնական արժույթը շվեյցարական ֆրանկն է, իսկ Ճապոնիաինը՝ իենը: Բացառություն է կազմում եվրոն, որը ընդունվել է մի շարք երկրների կողմից, որոնք գտնվում են Եվրոպական միության մեջ: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը դրամն է, որը ներդրվել է 1993 թվականի նոյեմբերի 22-ին՝ դադարեցնելով խորհրդային եւ ռուսական դրամանիշերի շրջանառությունը Հայաստանում:Բացի ազգային արժույթներից, կան նաև բրենդային արժույթներ, որոնք թողարկվում են առանձին ընկերությունների կողմից և օգտագործվում են որոշակի  արտադրանքների և ծառայությունների ձեռքբերման  համար վճարելիս: Այդպիսի արժույթի օրինակ է Դիսնեյի դոլարը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ