
Այս մասնագիտության կարևոր առավելություններից մեկը ցանկացած վայրից աշխատելու հնարավորությունն է: Ծրագրավորողները կարող են կատարել բազմաթիվ հետաքրքիր առաջադրանքներ, այդ թվում կողմնակի նախագծերի շրջանակներում․ դրա համար նրանց անհրաժեշտ է միայն ինտերնետ հասանելիությամբ նոութբուք:
Գումար վաստակելու համար հարկավոր է կա՛մ օգնել մարդկանց, կա՛մ զվարճացնել նրանց: Ահա չորս պարզ գաղափար, որոնք կօգնեն ձեզ լրացուցիչ եկամուտ ստանալ:
Ուսուցողական դասընթացներ
Առաջին տարբերակը՝ համակարգեք ձեր գիտելիքները և դրա հիման վրա թողարկեք դասընթաց, որը հետագայում կարող է վաճառվել ձեր սեփական կայքում կամ հանրաճանաչ հարթակներից մեկում:
Թեմայի ընտրությունը կախված է հեղինակից: Եթե դուք շատ բան գիտեք որոշակի պլատֆորմի կամ ծրագրավորման լեզվի մասին, ստեղծեք ուսուցողական մեթոդաբանություն, որը կօգնի հասկանալ այդ միջավայրի հիմունքները: Դասընթացը նաև կարող է լինել ավելի նեղ ուղղվածությամբ․ սա հատկապես ակտուալ է, եթե լավ տեղյակ եք մի խնդրից, որը հաճախ դժվարություններ է առաջացնում սկսնակների համար:
Կարող եք նույնիսկ ավելի հեռու գնալ և անհատական պարապմունքներ սկսել` սկսնակ ծրագրավորողների համար: Եթե մարդիկ տեսնում են ծրագրավորողին որպես որոշակի թեմայի մասնագետ, ապա նրանք ուրախ կլինեն սովորել նրա փորձից:
Բլոգի վարում
Բլոգները տասը տարուց ավելի է, ինչ չեն կորցնում իրենց արդիականությունը. Medium-ի նման հանրաճանաչ հարթակները թույլ են տալիս հասնել հսկայական լսարանի: Սկսել վարել սեփական էջը հեշտ է. դժվար է շարունակաբար այն բովանդակությամբ լցնելը:
Ժամանակ և էներգիա է պետք նոր գրառումներ ստեղծելու համար: Երբեմն այնքան թեմաներ են մտքում հայտնվում, որ դժվար է դրանցից մեկն ընտրել, իսկ երբեմն էլ թվում է, թե բոլոր գաղափարներն արդեն սպառվել են:
Բլոգավարման գործընթացը պարզեցնելու և գրառումների համար նոր թեմաներ գտնելու համար կարող եք փաստաթղթայնացնել ընթացիկ աշխատանքային առաջադրանքները: Սա թույլ կտա ձեզ գրել այն մասին, ինչ դուք արդեն իսկ անում եք, այլ ոչ թե հատուկ ինչ-որ բան անել, որպեսզի գրելու թեմա լինի: Այս մոտեցմամբ միանշանակ բովանդակության պակաս չի լինի:
Եթե բլոգները ձեր ձևաչափը չեն, կարող եք փորձել հրատարակել էլեկտրոնային գիրք: Սա հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են խորապես բացահայտել որոշակի թեմա կամ պատրաստ չեն պարբերաբար բովանդակություն ստեղծել:
Էլեկտրոնային գրքերը լրացուցիչ պասիվ եկամտի հիանալի աղբյուր են: Պատրաստի տեքստը կարող եք վաճառել ձեր սեփական կայքում, բայց ավելի հեշտ է անել դա Amazon Kindle-ի նման հարթակների միջոցով:
Ֆրիլանս
Սա աշխատանքի կազմակերպման հիանալի միջոց է, ինչը թույլ է տալիս ինքնուրույն ընտրել տեղն ու ժամանակը գործնական առաջադրանքների կատարման համար: Ֆրիլանսի մեկ այլ գլխավոր առավելությունը ծրագրավորման լայն փորձառություն ձեռք բերելու հնարավորությունն է:
Պոտենցիալ հաճախորդների որոնման ամենադյուրին ձևը ինտերնետի միջոցով է։ Դա անելու համար կարելի է դիմել տեղական բիզնեսի ներկայացուցիչներին սոցիալական ցանցերի միջոցով և գտնել ոչ մեծ ընկերություն, որին պետք է ստեղծել նոր կայք կամ գոյություն ունեցողը բարելավել: Առաջադրանքի հաջողությամբ կատարման դեպքում կարող են հետևել բազմաթիվ նմանօրինակ պատվերներ:
Եթե ինչ-ինչ պատճառներով հաճախորդներին գտնելու այս մեթոդը հարմար չէ, ապա կարող եք գրանցվել բազմաթիվ ֆրիլանս օնլայն հարթակներից մեկում: Այնտեղ պատվերների պակաս երբեք չի լինում, սակայն կատարողների միջև մրցակցությունը կարող է լինել բավականին լուրջ:
Նման պլատֆորմներում հանրաճանաչություն ձեռք բերելու համար նախ պետք է աշխատել իջեցված գնով․ այդպես կարող եք ավելի շատ հաճախորդներ ներգրավել: Նրանց առաջադրանքների հաջող և ժամանակին կատարումը կօգնի ստեղծել այնպիսի հեղինակություն, որը հետագայում կաշխատի ձեզ համար և զգալիորեն կբարձրացնի գները: Այսպիսով, նույնիսկ եթե սկզբնական շրջանում այդ գաղափարը մեծ գումար չի բերում, ժամանակի ընթացքում ֆրիլանսը կարող է վերածվել եկամտի լուրջ աղբյուրի:
Հավելվածների մշակում
Հավանաբար, այս ցուցակի ամենից եկամտաբեր կետը և միակը, որի համար նախ պետք է կոդ գրել: Եթե դուք դասավանդման կամ տեքստեր ստեղծելու երկրպագու չեք, թերևս սա է այն տարբերակը, որը ձեզ ամենից շատ կհամապատասխանի:
Հավելվածների միջոցով գումար աշխատելու համար հարկավոր է լավ գաղափար. առանց դրա, եկամուտը, հավանաբար, փոքր կլինի: Flappy Bird-ը հիանալի օրինակ է: Սա շատ պարզ ծրագիր է, որը նույնիսկ դեռահասը կարող է գրել, մինչդեռ գաղափարը ինքնին թվում է ֆանտաստիկ: Հաղորդվում էր, որ դրանում գովազդը լավագույն ժամանակներում ստեղծողներին բերում էր օրական 50 հազար դոլարի եկամուտ: Սա պարզ և եկամտաբեր նախագիծ է, որը կատարյալ է սկսնակ ծրագրավորողների համար:
Ուշադրություն դարձրեք, որ հավելվածների հայտնիությունը կարճաժամկետ է, ուստի չպետք է ակնկալել, որ դրանք երկարաժամկետ հեռանկարում զգալի եկամուտներ կստեղծեն:
Վերջին խորհուրդը. փաստաթղթավորեք հավելվածի ստեղծման գործընթացը: Բլոգում պատմեք դրա ծրագրավորման ընթացքում առաջացած տեխնիկական դժվարությունների մասին և կարող եք միևնույն ժամանակ գործի դնել երկու եկամտի աղբյուր: