2000-ականների «օդնոկլասնիկյան» երիտասարդությունը

Ներկայումս դեռահասների ու պատանիների շրջանում տարածված են Facebook, Instagram, TikTok, Snapchat կայքերն ու ծրագրերը, Viber, WhatsApp, Telegram և այլ մեսենջերներ։ Հայ օգտվողների շրջանում Facebook֊ն ամենատարածված սոց․ կայքն է, սակայն ավելի քան 10 տարի առաջ մեծամասնություն կազմում էին Odnoklassniki կայքի օգտվողները։  Ձեզ ենք ներկայացնում Odnoklassniki հետ կապված ամենահետաքրքիր ու զվարճալի իրողությունները, որոնք տիրում էին հայ օգտվողների(առավելապես դեռահասների և պատանիների) շրջանում այդ տարիներին։

 

«Odnoklassniki» օգտանուններ

Դեռահասների և պատանիների շրջանում հազվադեպ կարելի էր տեսնել հաշիվներ, որոնք հանդես էին գալիս իրենց իրական անուն/ազգանունով։ Օգտագործվում էին տարբեր տեսակի արտահայտություններ, կամ անվան/ազգանվան ձևավոր տառեր լի տարբեր տեսակի նշաններով։ Ամենատարածված անուններից նշենք մի քանիսը՝ «♂ KAYFARIK MALCIK UM SIRUMA MI FUR AX4IKA», «Քեզ shaaaaaaaat canOt Mi անծանոթ», «•●Մինչև ասեմ Zachem առդեն կգամ kpachem●• », «¿QeZ sHaT tSaNoT mI ¿➨AntSaNoT¿», «MY nAme Is……….To VApshem kEz inCh», «°●Ես Կաyfarik mi տղա люблю համեստ Axjka●° », «U TeNcCc eKeL eM vErEvIc HeNcc Qo HeTeViC», «Mamayid Harsiknem» և այլն։

«Odnaklassiniki» ստատուսներ

Ստատուսները նույնպես լայն տարածում ունեին տարիներ առաջ։  Հայ օգտատերերը առավելապես օգտվում էին Status4ka․am կայքից, որտեղից վերցնում էին սիրո, կյանքի, ընկերության, ուրախ, տխուր և այլ տիպի ստատուսներ։ Ստատուսները տարիներ առաջ սոց․ կայքի օգտվողների անբաժան մասն էին։

«Odniklassniki» խաղեր

«Целуй и Знакомься» կամ հայերի շրջանում տարածված «Պաչիկ», «Բուտիլկա», նոր ընկերների ձեռքբերման, աղջիկների հետ ծանոթությունների, ժամանցի համար ամենատարածված խաղը ժամանակին։ Խաղացողները միմյանց համբույրներ և նվերներ էին ուղարկում, սակայն եթե «հրաժարվեիք համբուրել» ինչ֊որ մեկին, հնարավոր է ի պատասխան «գորտ նետեր» ձեզ վրա։ Առավել մտերմացած զույգերը «երգ/երաժշտություն էին միացնում» միմյանց համար արտահայտելով իրենց ուշադրությունը, որը սակայն ավելի «թանկ հաճույք էր», քան մյուս տեսակի նվերները։

«Odnoklassiki» առանձնահատկություններ

Կայքն ուներ մի քանի տարբերիչ առաձնահատկություններ։ Դրանցից մեկը նկարների գնահատման հնարավորությունն է՝ 1-5 սանդղակով և վճարովի «5+» գնահատականը, որը նկարների տակ ունենալը ցանկալի էր շատերի համար։

Երկրորդը, դա հյուրերի(էջը մտնողների) ցանկը տեսնելու հնարավորությունն է։ Սա կայքին բնորոշ առանձնահատկություն է, որը չկա այլ սոց․ կայքերում, չնայած հաճախ այլ կայքերի, օրինակ ֆեյսբուքի օգտատերերին խաբում են, որ ինչ֊որ հավելյալ ծրագրով կամ գործողությամբ հնարավոր կլինի դիտել հյուրերին, որն իհարկե սուտ է։ Միաժամանակ կար նաև «Неведимка» վճարովի ծառայություն, որի դեպքում այլ օգտատերերը չէին տեսնում, որ այցելել եք իրենց էջ։

Մյուսը, դա նվերներ ուղարկելու հնարավորությունն է։ Սա ևս վճարովի ծառայություն է, որի միջոցով օգտատերերը նվերներ են ուղարկում միմյանց, որոնք իրենցից ներկայացնում են պատկերներ տարբեր գրվածքներով, որոնք երևում են ավատարի ստորին աջ անկյունում։

 

Ավելացնենք, որ կայքը հնարավորություն էր տալիս ստանալ նշված վճարովի ծառայությունները անվճար, օգնելով կայքին նկարների մոդերացիա կատարել։

Դե ինչ, այսքանը, տարիներ առաջ Հայաստանում ամենատարածված սոցիալական կայքի մասին, որն այժմ այլևս չունի այն ռեյթինգը, որն ունեցել է երբևէ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ